Ներքին 1 տարի առաջ - 16:30 26-09-2025

Փաշինյանի վերընտրությանն առաջինը Թուրքիան ու Ադրբեջանը կաջակցեն, հետո՝ ՌԴ-ն  

«Նիկոլ Փաշինյանը հաստատեց մեր այն թեզը, որ ի սկզբանե նա եղել է պրոռուսական, ինքը պրոարևմտյան երբևէ չի եղել։ Եվ այս ամբողջը խաղ էր, ինչը մեր բոլորի վրա թանկ նստեց՝ նաև Արցախի հարցի հետ կապված։ Հսկայական տնտեսական կորուստներ եղավ․․․ եթե ինքը պիտի պտտվեր և նորից գար Պուտինի դուռը, ինչի՞ համար էին տարիներ ի վեր իր այդ խաղերը, ժողովրդին տառապանք ու կորուստ պատճառելը»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Կրեմլում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, ասաց միջազգայնագետ Արա Պապյանը։

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը վերացել է և դաշնակցային փոխվստահություն, գործակցություն կա, մեր զրուցակիցը նշեց․ «Դա ոչինչ չի նշանակում, դա, ընդամենը, մի փոքր մեղմացման նշան է, կարծում եմ՝ ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի օգտին է, այլ Ադրբեջանի դեմ է։ Այսինքն՝ Մոսկվան ցույց է տալիս Ադրբեջանին, որ ինքը քարտեր ունի, որ կարող է նրա դեմ օգտագործել»։

Պապյանի խոսքով՝ հանդիպումը արդյունք չի, նպատակ չի, հանդիպումը միջոց է։

«Հիմա տեսնենք՝ սրան ինչ է հաջորդում։ Գիտենք, որ առ այսօր տնտեսական հարցով սահմանափակումներ կան, հայկական ապրանքները ռուսական շուկա մտնելու զանազան արգելքներ և պատժամիջոցներ կան կիրառված, իսկ Ռուսաստանն էլ՝ առանձնապես Հայաստանին ոչ մի հարցով չի օգնում։ Ստացվում է, որ սկզբից փչացնում ենք ՌԴ-ի հետ հարաբերությունները իբր հանուն Արևմուտքի, հետո էլ՝ փչացնում ենք հարաբերությունները՝ իբր հանուն Ռուսաստանի, և տուժում է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը, այլև՝ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը» ։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ 2026-ի ընտրություններում Ռուսաստանը կրկին նպաստի Փաշինյանի հաղթանակին, Արա Պապյանը նկատեց․ «Շատ հնարավոր է։ Կրկնում եմ՝ առ այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իր յոթ տարվա իշխանության ընթացքում եղել է պրոռուսական։ Երբ որ ասում էին Փաշինյանը արևմտամետ է, ես ասում էի՝ ինչո՞վ է արևմտամետ, մի քայլ ցույց տվեք, ապացուցեք։ Փաշինյանը ոնց եկել է, շարունակում է մնալ նույն Ռուսաստանի կողմից ղեկավարավող կառույցների անդամ, որևէ մեկից դուրս չի եկել և հակառակը՝ որևէ այլ կառույցի, որը Եվրոպայի հետ է առնչվում, ոչ միայն չի միացել, այլև դիմում չի ներկայացրել։ Այդ մասին Հայաստանում ԵՄ դեսպանն ասաց։ Իսկ մնացած հեքիաթները ոչ մեկին չեն հուզում․․․ Փաշինյանն ասում էր՝ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, եկա՞վ։ Դրա համար ընթացակարգ կա, ինքը ոչ մի բան չի արել»։

Միջազգայանագետի գնահատմամբ, Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, Պուտինի համար շատ լավ տարբերակ է, քանի որ Արևմուտքի հետ հարաբերությունները որևէ մեկն այնքան չէր կարող փչացնել, ինչպես Նիկոլ Փաշինյանը։

«Ուստի՝ Պուտինին ձեռք է տալիս Հայաստանի նման ղեկավարը, ում վրա կարող է բարդել Ղարաբաղի կորուստն ու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը։
Դրանից էլ լավ թեկնածո՞ւ Ռուսաստանի համար, դրա համար շատ հնարավոր է։ Բայց ասեմ՝ հիմնական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում ցուցաբերելու են Թուրքիան և Բաքուն, հետո նոր՝ Ռուսաստանը»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը