Ներքին 11 ամիս առաջ - 19:39 24-09-2025

Ապահովե՛ք ԼՂ հայ ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձը հայրենիք․ հայտարարություն

Բռնագաղթը սկսվեց 2023 թ․ սեպտեմբերի 24-ին և տևեց մինչ հոկտեմբերի 4-ը։
Ադրբեջանի կողմից դեռևս սեպտեմբերի 19-ին սանձազերծած պատերազմի, խաղաղ բնակչության շրջանում սպանությունների, գերեվարության, վախի, սովի, հուսալքության և ռասայական խտրական վերաբերմունքի հետևանքով բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի՝ այդ ժամանակահատվածում տարածաշրջանում մնացած ողջ բնակչությունը։

10 օրերի ընթացքում Ասկերանի, Մարտունիի շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից, Մարտակերտի գյուղերից և Արցախի այլ շրջաններից բռնի տեղահանվեց 100․600 մարդ։

Բայց ընդգծենք, որ 2020-2023 թթ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 150.000-ից ավել մարդ։ Ականատեսները փաստել են, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են գյուղեր՝ գնդակահարելով, խոշտանգելով և սպառազինված ահաբեկելով մնացած բնակիչներին։ Տարհանումները տեղի են ունեցել առանց անվտանգության երաշխիքի՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնական նորմերը։

Արցախի խաղաղ բնակչությունը, հատկապես երեխաները, անցել են մի քանի պատերազմի միջով, ապրել են շրջափակման պայմաններում և մշտապես գտնվել վախի մեջ՝ ապրելով ռմբակոծությունների և կրակոցների ձայների տակ, թաքնվելով նկուղներում և ապաստարաններում։

Թե՛ 44-օրյա պատերազմը և թե՛ 2023 թ. սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներով։ Մարդու իրավունքները խախտվել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ 2020-2023 թթ. պատերազմների ընթացքում զոհվել, սպանվել, խոշտանգվել և գերեվարվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։ Նույնը տեղի է ունեցել 2023 թ. ռազմական ագրեսիայի ժամանակ. խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր և վիրավորումներ են արձանագրվել։ Ապացուցված է, որ նման ագրեսիան տեղահանության դրդող իրավիճակ կարող է հանդիսանալ՝ ստիպելով մարդկանց հեռանալու որոշում կայացնել։

Փաստենք, որ այսօր տեղահանության հանցագործության գործընթացներով զբաղվող միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, «Ներքին տեղահանումների մոնիթորինգի կենտրոն և միգրացիայի միջազգային կազմակերպությունը», ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) և մարդասիրական տարբեր գործակալություններ դեռևս չեն բարձրաձայնել արցախահայերի իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանության և մարդասիրական իրավունքի մի շարք այլ խախտումների մասին։

Բռնի տեղահանությունը արգելված է միջազգային մի շարք օրենքներով։ Ի մասնավորի՝ Ժնևի 1949 թ. 4-րդ՝ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայի 49-րդ հոդվածի համաձայն՝ «անհատական կամ զանգվածային բռնի տեղափոխումները, ինչպես նաև պաշտպանված անձանց արտաքսումը գրավյալ տարածքից դեպի բռնազավթված տերության տարածք կամ բռնազավթված կամ ոչ բռնազավթված որևէ այլ երկրի տարածք արգելվում են՝ անկախ դրանց դրդապատճառներից»։ Իսկ հիշյալ 49-րդ հոդվածի երկրորդ պաբերության համաձայն՝ «տարհանված անձինք պետք է հետ տեղափոխվեն իրենց տները, հենց որ դադարեն ռազմական գործողությունները տվյալ տարածքում»:

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը արձանագրում է, որ իր բնակության վայրում ապրելու և սեփական կյանքը ազատորեն կազմակերպելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի խախտումը, հատկապես հարկադրական մեթոդներով, արժեզրկում է մարդու արժանապատվությունն ու միջազգային իրավունքով երաշխավորված պաշտպանությունը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձը իրենց հայրենիքում՝ երաշխավորելով նրանց կորցրած իրավունքների լիարժեք վերականգնումը։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի