Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:02 17-09-2025

Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձեւավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձեւակերպումների հետեւում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից եւ վերածվել գործնական քաղաքականության։ Արարատ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիքներից, եւ հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրն սպասում է նաեւ պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբբենարաններում փոխարինվել է QR կոդով։
Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է. «պետականության զարգացումը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձեւերի խրախուսում»։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչեւ փառատոն, գրականությունից մինչեւ կերպարվեստ, բոլորը պետք է ենթարկվեն «Իրական Հայաստանի»՝ վարչապետի պատկերացրած ճաշակին, ասել է թե՝ գրաքննվեն իշխանությունների սրտով։
Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձի հետեւանքները։ ԽՍՀՄ-ում պարտադրված «սոցիալիստական ռեալիզմը» արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում էր համակարգին։ Ազատ մտածողները լռեցվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ՝ «Իրական Հայաստանի գեղագիտություն» անվան տակ։
Արդյունքում մենք կանգնած ենք վտանգավոր իրողության առաջ. պետությունը ոչ միայն վերաշարադրում է պատմությունը եւ նսեմացնում ազգային խորհրդանիշները, այլեւ փորձում է թելադրել՝ ինչպես պետք է մտածի ու արտահայտվի հայ արվեստագետը։ Իսկ երբ մշակույթը դառնում է կառավարության որոշման կետ, այն դադարում է ազատ ու կենդանի լինելուց եւ վերածվում է քարոզչական արտադրանքի»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ