Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 22:53 16-09-2025

Հայկական կողմն է ուզում շտապ ստորագրել փաստաթուղթը․ Բաքուն կարող է և չստորագրել

ԱԳՆ-ում հայտարարում են, թե հնարավորինս սեղմ ժամկետում հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ:

Թեմայի հետ կապված՝ Oragir.News-ը զրուցել է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։

- Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ եք կարծում, այս դիտարկումն օբյեկտի՞վ է, իսկապե՞ս համաձայնագրի ուժը կարող է այդքան զգալի լինել, թե՞ իրական խաղաղության համար այլ գործոններ ևս անհրաժեշտ են։

- ՀՀ ԱԳՆ-ն վարչապետ Փաշինյանի, իշխող ուժի քաղաքական պլատֆորմի ծրագրային դրույթները պետք է արտահայտի, ինչը բնական է։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է անմիջապես ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված փաստաթուղթը։ Բայց արի ու տես, որ Բաքուն չի շտապում այն ստորագրել։ Թուրք պաշտոնատարները հրապարակավ հայտարարում են, որ համաձայնագիրը հավանաբար կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսի ընթացքում։ Միգուցե վստահ են, որ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխորոշված են ու վարչապետ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել և կերաշխավորի ադրբեջանական կողմի՝ Հայաստանի հանդեպ ունեցած դեռևս անկատար մնացած պահանջների իրականացումը, ինչի արդյունքում այլևս լիովին բավարարված Բաքուն կստորագրի հայաստանյան իշխող ուժի համար կենսական նշանակություն ունեցող այդ փաստաթուղթը։ Բայց, կարող է և չստորագրել։ Այս պահին ակնհայտ է, որ հայկական կողմն ուզում է շտապ ստորագրել փաստաթուղթը, իսկ ադրբեջանականը՝ ամենևին չի շտապում դա անել և այս վիճակը՝ Հայաստանի իշխանությունների թույլ դիրքի ցուցիչ է։

- Ձեր կարծիքով, Բաքուն ի վերջո կստորագրի՞ այդ համաձանագիրը, թե՞ Ալիևի նպատակները բոլորովին այլ են։

- Ալիևն առայժմ նախընտրում է ճնշման տակ պահել Հայաստանի իշխանություններին, մինչդեռ համաձայնագրի ստորագրումը նրան կարող է զրկել որոշ ազդեցիկ լծակներ գործադրելու, ուժի կիրառմամբ սպառնալու հնարավորությունից։ Հայկական կողմի պահվածքը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը մտածում է միայն խաղաղության մասին, մինչդեռ նախագահ Ալիևի համար ընդունելի է ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմը շարունակելու տարբերակը։ Թերևս դա է պատճառը, որ Երևանում խոսում են պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու և ռազմական բյուջեն չավելացնելու մասին, իսկ Բաքվում՝ պատերազմ վարելու անհրաժեշտությունից չվախենալու ու ռազմական բյուջեն ավելացնելու մասին։ Համաձայնագրի ստորագրելու խնդիրը Բաքվի համար կախված է լինելու տարածաշրջանային որոշ հնարավոր զարգացումներից, որոնք, հավանաբար, մեծապես կապված կլինեն Իրանի հետագա ճակատագրի հետ։ Ադրբեջանական կողմի որոշման վրա ազդելու վարչապետ Փաշինյանի կառավարության հնարավորությունները գրեթե զրոյական են և, անգամ, կախված չեն Բաքվի պահանջները լիովին բավարարելու նրա պատրաստակամությունից։

- Ի՞նչը կարող է այս պայմաններում դառնալ խաղաղության երկաթյա երաշխիք՝ հաշվի առնելով թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ներկայիս զարգացումները: Առհասարակ ռեա՞լ է այս պայմաններում իրական խաղաղությունից խոսելը։

- Այս պահին խաղաղության լուրջ երաշխիքներ գոյություն չունեն։ Խաղաղություն ապահովելու համար լուրջ աշխատանք է պետք տանել ու դա հայտարարություններ անելով ու ճոռոմ ճառեր արտասանելով չի կարող սահմանափակվել։ Արդյունավետ քաղաքականությունը ենթադրում է տարբեր մակարդակներում կայացվող որոշումների վրա ներազդելու ունակ գործողությունների իրականացում, իսկ դա բոլոր ժամանակների մեր իշխանությունների մեծագույն բացն է եղել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին