Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:22 05-09-2025

Սամվել Կարապետյանի վարկանիշը 5 անգամ աճել է, ՀՖՖ-ի տոմսերը սև շուկայում են վաճառվել. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք կուսակցության՝ «Նոր ուժի» վարկանիշը վերջին երկու ամիսների ընթացքում աճել է գրեթե 5 անգամ։ Այս մասին իր այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։ Ըստ այդմ՝ հարցվածների 13,4 տոկոսը պատրաստ է քվեարկել Կարապետյանի գլխավորած ուժի օգտին։ «Այս ցուցանիշը հունիսի համեմատ 10,6 տոկոսով աճել է, նախորդ ցուցանիշը մոտ 2,8 տոկոս էր, այսինքն՝ գրեթե 5 անգամ աճ ունենք այս 2 ամիսների ընթացքում»,- նշեց Նավասարդյանը։ Ըստ հիշյալ հետազոտության՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս կիրակի, ապա հարցվածների 17.3%-ը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 6.4%-ը «Հայաստան» դաշինքի, 3.8%-ը ԲՀԿ-ի, 3.4%-ը՝ ՀՀԿ-ի օգտին։ Մյուս կուսակցություններն ու ուժերը 3 տոկոսից ցածր ցուցանիշ են գրանցել։ Հիշեցնենք՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

Հարցված քաղաքացիների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին։ Հարցվածների 22,8-ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում ստորագրված փաստաթղթին, 19,3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 13,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 34 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերմունքը, 7 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 3 տոկոսից մի փոքր ավելին տեղյակ չի էլ եղել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ «Ինչպես տեսնում եք, գերակշիռ պատասխանները բացասական տիրույթում են․ մոտ 47 տոկոսը բացասական է արձագանքել հռչակագրի ստորագրությանը, բայց ունենք նաև հարցվածների գրեթե 40 տոկոս, որոնք դրական տիրույթում են պատասխանել»,- նշեց Նավասարդյանը։ Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հարցված քաղաքացիները Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրմանը․ 17,4 տոկոսը նշել է՝ լիովին դրական, «ավելի շուտ դրական» պատասխան է տվել 18,1 տոկոսը, 11,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,6 տոկոսը ընդհանրապես բացասական է պատասխանել։ Նավասարդյանն ընդգծեց՝ ստացվում է, որ ավելի քան 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Սյունիքով ճանապարհի տրամադրմանը։ Հարցին՝ Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ հարցվածների գրեթե 39 տոկոսը պատասխանել է, որ հավատում է խաղաղության տեսլականին (15,8 տոկոսը՝ միանշանակ այո, ավելի շուտ այո՝ 22,8 տոկոսը), սակայն գրեթե 55 տոկոսն էլ չի հավատում, որ վաշինգտոնյան համաձայնագրերը խաղաղություն կբերեն (ավելի շուտ ոչ՝13,5 տոկոս, միանշանակ ոչ՝ 41,6 տոկոս)։

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար Հայաստանի ֆուտբուլի ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են հարյուրապատիկ ավելի բարձր գնով։ Այս մասին գրում է «Հետքը»՝ նկատելով, որ տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում` տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։ Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։ Լրատվամիջոցը զանգահարել է մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվել է` ոչ։ Նույն հարցով «Հետքը» դիմել է նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական է եղել։

Սրան զուգահեռ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում տոմսերի սպառումից ժամեր անց դրանք հայտնվել են սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում է 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։ «Օրինակ՝ Արևմտյան տրիբունայի Սեկցիա 1 Սեկտոր 4-ում բոլոր տեղերը նախապես ամրագրված են եղել ՀՖՖ-ի կողմից։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ նույն հատվածի տոմսերը վաճառվում էին viagogo.com կայքում։ Եթե ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի տոմսերի արժեքը 14-20 հազար դրամ էր, ապա վերը նշված կայքում՝ 624000 դրամ։ Առկա էր երկու տեղ՝ կողք կողքի։ Նույն պատկերն էր նաև Արևելյան տրիբունայի Սեկցիա 2 Սեկտոր 6-ում։ ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի մեկ տոմսի արժեքը 14000 դրամ էր, viagogo.com կայքում՝ 375000»,–գրում է լրատվամիջոցը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Հետքին» չեն պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ