Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:00 04-09-2025

Սխալ ճանապարհով ոչ մի տեղ է գնում Փաշինյանը

Չինաստան այցելությունը, պարզվում է՝ իզուր չէր։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, չինական մշակույթի ազդեցությամբ գրառում է արել։ «Ճի՞շտ է ճանապարհը, թե՞ սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»,- գրել է նա։

Ասացվածքն ունի երկու մեկնաբանություն, որոնք պայմանական անվանում են արևելյան և արևմտյան։ Արևելյան մեկնաբանությամբ՝ ասացվածքի խորհուրդն այն է, որ եթե մարդը չգիտի, թե ուր է գնում, ապա ցանկացած ճանապարհ նրան հասցնելու է ոչ մի տեղ։ Եթե գիտի, թե ուր է գնում, ապա ցանկացած ճանապարհ նրան հասցնելու է այնտեղ, որտեղ ուզում էր գնալ։ Արևմտյան մեկնաբանությամբ՝ ասացվածքը նշանակում է, որ եթե մարդն ուզում է լավ տեղ գնալ, բարի գործ անել, ապա նրա ընտրած ճանապարհը ճիշտ է։ Իսկ եթե վատ տեղ է գնում, վատ բան է ուզում անել, ապա նրա ճանապարհը սխալ է։

Փորձենք ասացվածքի արևելյան մեկնաբանությունը պրոյեկտել Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության վրա և պարզել՝ ճի՞շտ է Փաշինյանի ճանապարհը, թե՞ սխալ։

Նախ անհրաժեշտ է պարզել, թե ո՞ւր է գնում Նիկոլ Փաշինյանը։

2018-ին ռուսական օժանդակությամբ իշխանության գալու ու ֆորպոստի վարչապետ կարգվելու օրերին նա հայտարարում էր արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու։ Ավելին՝ նա 2018-2022-ին վարում էր վառ, ընդգծված ռուսամետ արտաքին քաղաքական կուրս, ինչն աղետալի կորուստների պատճառ դարձավ։ 2022-ի սեպտեմբերից, ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ռուսները չճանաչեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստն ու չդատապարտեցին ՀՀ-ի դեմ ագրեսիան, ՀՀ-ն սառեցրեց ՀԱՊԿ-ի հետ գործակցությունը, բայց Փաշինյանը համառորեն շարունակում է գնալ Մոսկվա։

2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, թե ժողովրդավարությունը Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է, և արժանացավ հոտընկայս ծափերի։ Հետո ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունվեց։ Սակայն ՀՀ-ն այդքանից հետո ԵՄ անդամակցելու հայտ չներկայացրեց։ Փոխարենը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ ներկայացրեց։ Իսկ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ հուշագրիր ստորագրեց ՀՀ սահմանների անվտանգության հարցում գործակցության վերաբերյալ։

Մի ժամանակ, երբ ՀՀ-ն մասնակցում էր ռուս-թուրքական «3+3» տարածաշրջանային ձևաչափով բանակացություններին, Փաշինյանն ասում էր, թե ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը տարածաշրջայնացումն է։ Հետո կուրսը վերանվավեց բալանսավորելու և բալանսավորվելու քաղաքականություն։

Ընդդիմադիր որոշ ուժեր կասկած են հայտնում, թե Փաշինյանը վարում է նույն ռուսամետ կուրսը, և կեղծ են նրա խոսքերը անկախության ու ժողովրդավարության մասին։ Այս իրավիճակում ՀՀ քաղաքացին դժվարանում է պատասխանել, թե ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը։ Փաշինյանն էլ է դժվարանում կոնկրետ պատասխանել արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին, կոնկրետ չի ասում՝ ՀՀ-ն ԵՄ-ի՞ն է ուզում անդամակցել, թե՞ ուզում է հավերժ Ռուսաստանի հետ, ազատ աշխարհի հետ ներդաշնակությա՞ն է ձգտում, թե՞ ձգտում է հակաքաղաքակրթական երկրների միջավայրում է պահել Հայաստանը։

Կարճ ասած՝ տպավորություն է, թե Փաշինյանը չգիտի, թե ուր է գնում։ Ուստի՝ նրա ճանապարհը սխալ է։ Եվ իր բերած ասացվածքն էլ վկայում է, որ նա սխալ ճանապարհ է ընտրել։ Նախընթաց տարիների պարտություններն ապացույցն են այն բանի, որ Փաշինյանը սխալ ճանապարհով է գնացել։ Եվ քանի որ նա քաղաքացուն ու աշխարհին պարզ չի ասում, թե ուր է գնում, ապա ողջամիտ կասկած կա, որ նա գնում է ոչ մի տեղ, երկիրն ու ժողովրդին մատնում անորոշության ու աղետալի ռիսկերի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան