Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 02-08-2025

Հայկական Կանոսայի գինը. ծանր փոխզիջում է սպասվում

Միքայել Սրբազանը հետաքրքիր լուծում է առաջարկում, որը ոչ միայն կարող է ներքին լարվածության հաղթարաման ուղի հարթել, այլև պետության առաջընթացի բանալի դառնալ։

«Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով: Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում .... Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան՝ լավագույն դեպքում»,- գրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Կանոսա երթը (գերմաներեն՝ Gang nach Canossa, Canossagang, իտալերեն՝ l'umiliazione di Canossa) միջնադարյան Եվրոպայի պատմության մի դրվագ է, տեղի է ունեցել 1077 թվականին։ Սա շատ հետաքրքիր և Հայաստանի համար ուսանելի պատմություն է։

Այդ ժամանակ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ III-ի որդին՝ Հենրիխ IV-ը, դեռ կայսր չէր, բայց, որպես արքայազն, բարձր պաշտոններ էր զբաղեցնում մեծ կայսրությունում, ճնշում էր ապստամբությունները, քաղաքական և եկեղեցական պատասխանատու պաշտոնների նշանակում ազնվական կամ հոգևորական ծագում չունեցողների։ 1076 թվականի հունվարի 24-ին Հենրիխը համոզում է գերմանացի եպիսկոպոսների մեծամասնությանը անվավեր ճանաչել Հռոմի պապ Գրիգոր VII-ի ընտրությունը։ Ի պատասխան՝ Հռոմի պապը Հենրիխ IV-ին հեռացնում է եկեղեցուց, հայտարարելով, որ մեկ տարի անց եկեղեցուց հեռացումը կդառնա մշտական և անշրջելի։ Դրանից հետո Հենրիխը գնում է Իտալիա՝ Կանոսա, Հռոմի պապի հետ հանդիպման։ Հենրիխ IV-ն ապաշխարում է, հագնում է քուրձ և ոտաբոբիկ հասնում Կանոսայի դարպասներին, որտեղ գտնվում էր պապը: Պապը սկզբում հրաժարվում է ընդունել Հենրիխին։ Հենրիխը 3 օր սպասում է ամրոցի դարպասների մոտ, այդ ընթացքում ծոմ պահելով և քուրձը չհանելով։ Ի վերջո, պապը նրան ընդունում է։ Հենրիխը ծնկի է իջնում Գրիգոր պապի առջև։ Եվ Գրիգոր VII-ը 1077 թվականի հունվարին չեղարկում է մեղադրանքները։

Նախ ուշագրավ է, որ Միքայել Սրբազանը Նիկոլ Փաշինյանին համեմատում է Հենրիխ IV-ի հետ։ Վերջինս մեծ կայսրության հավակնոտ տիրակալ էր, ուզում էր ամրացնել, հզորացնել, ընդլայնել կայսրությունը, ստանալով Հռոմի պապի օրհնությունն ու աջակցությունն այդ հարցերում։ Փաշինյանն ուզում է վերընտրվել 2026-ին։ Սակայն ակնարկը պարզ է։ Միքայել Սրբազանն ակնարկում է, որ Գարեգին Բ-ն կարող է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել և հեռացնել եկեղեցուց, ստիպելով նրան զղջալ և հաշտություն խնդրել։

Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը կզղջա և ներում կխնդրի վեհափառից։

Փաշինյանի հայհոյախառն գրառումները եպիսկոպոսների և Գարեգին Բ-ի մասին բավարար են, որ Գարեգին Բ-ն նրան եկեղեցուց հեռացնելու որոշում ընդունի։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստիպված կգնա Էջմիածին։ Կարելի է ասել, նա հենց այդպիսի առիթի է սպասում, որ կազմակերպի երթ դեպի վեհարան։ Սակայն այս պարագայում նա կարող է բոլորի համար անսպասելի՝ փոխել արդյունքը, ասելով, որ մտադիր է հաշտվել Գարեգին Բ-ի, եկեղեցու հետ։ Իսկ Գարեգին Բ-ն կասի, որ Փաշինյանն անկեղծ զղջում և ապաշխարում է, և նրանք կհաշտվեն։

Հենրիխ IV-ն կաթոլիկ եկեղեցու և հոգևորականների հանդեպ ավելի շատ կամայականնություններ, բռնություններ է արել, քան Նիկոլ Փաշինյանը հայ հոգևորականների ու եկեղեցու դեմ։ Բայց Գրիգոր VII-ը հաշտվեց Հենրիխ IV-ի հետ, որն այդ ժամանակ դեռ կայսր էլ չէր։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ այս դեպքում էլ նույն արդյունքը կլինի։ Եթե Փաշինյանը ոտքով գնա Էջմիածին ու ծնկի գա, ապա նրանք կհաշտվեն, երկուստեք կարևոր հարցերում համաձայնության կգան, մասնավորապես՝ Բագրատ և Միքայել սրբազաններն ազատ կարձակվեն, կաթողիկոսափոխության թեման կփակվի, իսկ եկեղեցին կսատարի Փաշինյանին, կօրհնի նրան գալիք նախաձեռնություններում, այդ թվում՝ ընտրություններում։

Սա է հայկական Կանոսայի գինը։ Այն երկու կողմի համար էլ ծանր փոխզիջում է լինելու։ Բայց այսպիսի հաշտությունը կապահովի ներքին խաղաղություն և պետության առաջընթացի խթան կդառնա։ Դրա համար անհրաժեշտ է, որ Գարեգին Բ-ն Փաշինյանին եկեղեցուց հեռացնելու որոշում ընդունի, իսկ Փաշինյանը վեհափառի ու եպիսկոպոսների հետ հաշտվելու խիզախություն դրսևորի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ