Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:50 25-07-2025

ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախագահ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ, մինչդեռ Եվրոպական միությունը լռությամբ հետևում է այդ ընթացքին։ Իրականում, դա պարզապես լռություն չէ։ ԵՄ-ն՝ իր անդամ պետությունների դեսպանատների հետ միասին Երևանում, մեղսակից է՝ դիտավորյալ անգործությամբ, դիվանագիտական հապաղումով և ռազմավարական ցինիզմով։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդրել Հայաստանում բարեփոխումների խթանման նպատակով՝ աջակցելով նրա դատական համակարգին, ոստիկանությանը, մամուլին և քաղաքացիական հասարակությանը։ Այսօր այս բոլոր հաստատությունները Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից օգտագործվում են որպես ճնշման գործիքներ՝ վերածվելով ժողովրդավարության հենասյուներից բռնաճնշման միջոցների։ Բայց ԵՄ-ն շարունակում է մնալ պասիվ դիտորդ՝ ակնհայտորեն չցանկանալով, որ սկզբունքները խանգարեն քաղաքական նպատակահարմարություններին։

Վերջին հինգ տարիները աղետալի են եղել Հայաստանի համար։ Երկիրը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ Կորցրել է իր ինքնիշխան տարածքի մի մասը։ Նրա իսկ անկախությունն է սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային ներխուժումներով և արտատարածքային միջանցքների պահանջներով։ Իսկ հիմա երկիրը կորցնում է իր ժողովրդավարությունը՝ սասանված մի իշխանության կողմից, որը ավելի շատ զբաղված է ընդդիմախոսներին լռեցնելով, քան պետությունը պաշտպանելով։

Այսօր տասնյակ քաղաքական բանտարկյալներ պահվում են Հայաստանի բանտերում։ Նրանց միակ «հանցանքը» Փաշինյանի քաղաքականությունը քննադատելն է։ Սա պատահական դեպք չէ, այլ՝ բռնաճնշման համակարգված արշավ։ Ընդդիմության առաջնորդները հետապնդվում կամ բանտարկվում են։ Դատական համակարգը վերածվել է գործադիրի կամքն իրականացնող մեխանիզմի։ Կանխարգելիչ կալանքը չարաշահվում է։ Կառավարությունը ժողովրդավարական շրջանակները օգտագործում է հենց այդ ժողովրդավարությունը վերացնելու համար — իսկ Եվրոպական միությունն իբր թե չի նկատում։

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված արշավը ևս մեկ վտանգավոր սրացումն է։ Փաշինյանի ջանքերը՝ վարկաբեկելու, օրինականությունից զրկելու և ի վերջո եկեղեցին կազմաքանդելու, զուտ քաղաքական չեն՝ դրանք քաղաքակրթական են։ Այլ երկրում նման պետական գրոհ պատմական ազգային ինստիտուտի դեմ՝ իրավական ճնշումներով, մամուլում սևացմամբ և վարչական ահաբեկմամբ, դիվանագիտական վրդովմունք կառաջացներ։ Իսկ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչները պարզապես աչք են փակում։

Ակնհայտ է, որ Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից՝ որպես Կասպյան նավթի ու գազի տարանցիկ ուղի, Ռուսաստանի ազդեցությանը հակակշիռ և Իրանի ու Սև ծովի միջև բուֆերային գոտի։ Այսօր խաղաղեցման տրամաբանությունն է ձևավորում ԵՄ-ի մոտեցումը Հայաստանի նկատմամբ։ Քանի դեռ Երևանը չի խոչընդոտում էներգետիկ հոսքերը կամ կասկածի տակ չի դնում Ադրբեջանի հետ «խաղաղ գործընթացի» պատրանքը, ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ներքին բռնաճնշումների վրա։

ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին։ Այժմ աչք փակելով՝ այն նաև ապագա կառավարություններին թողնում է անպատժելիության զգացում՝ անկախ նրանց գաղափարախոսությունից։ Բրյուսելն անտեսում է իր իսկ ժողովրդավարական սկզբունքները՝ կորցնելով այն քիչ հեղինակությունը, որ դեռ ունի։ Երբ Եվրոպան վերջապես որոշի բարձրաձայնել իր ձայնը, գուցե Հայաստանում այլևս ոչ ոք չցանկանա լսել։

Դեռ ժամանակ կա ուղղելու ընթացքը, բայց պատուհանը փակվում է։ Լռությունը չեզոքություն չէ՝ այն մեղսակցություն է։ Եթե ԵՄ-ն շարունակի բռնաճնշումներին չարձագանքել, այն կկորցնի ոչ միայն իր բարոյական հեղինակությունը Հայաստանում, այլև իր ռազմավարական կարևորությունը ամբողջ տարածաշրջանում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում