Ներքին 1 տարի առաջ - 15:15 09-07-2025

Խառնվելու իրավունք չունեն․ Զատուլինը թող ռուսական եկեղեցու հարցերով զբաղվի

Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի քննադատական հռետորաբանությունն ու սուր հրապարակային գրոհները շարունակվում են՝ առաջ բերելով ինչպես ներհասարակական դժգոհություն, այնպես էլ միջազգային արձագանք։

Այս մասին իր մտահոգությունն է հայտնել նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ «Ռուսաստանը չպետք է լռի՝ սա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին հարց», և զարմանք հայտնելով, որ դեռևս որևէ արձագանք չկա Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ, որը Փաշինյանի՝ եկեղեցու դեմ ուղղված գործողություններն ուղղակիորեն կապում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջների հետ։

«Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի որպես Հայաստանի Հանրապետության ոչ բարով վարչապետ՝ խառնվելու եկեղեցու ներքին գործերին ու հատկապես՝ հակամղձավանջ գործողություններ իրականացնելու նրա նկատմամբ։ Նույն կերպ՝ ո՛չ Ռուս ուղղափառ եկեղեցին, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը իրավունք չունեն ներգրավվելու այս գործընթացներում։ Առավելագույնը՝ նրանք կարող են արտահայտել մտահոգություն։ Բայց Հայաստանի ռազմավարական թշնամի համարվող Ռուսաստանի «մտահոգությունները» մեր ներքին խնդիրներով ի սկզբանե կեղծ են և չեն հետապնդում որևէ բարի նպատակ։ Հետևաբար, Զատուլինը, եթե իրեն Ռուս ուղղափառ եկեղեցու զավակ է համարում, թող զբաղվի հենց իր եկեղեցու հարցերով և հեռու մնա հայաստանյան ազգային օրակարգից», – ասաց Քանանյանը։

Քաղաքագետը նաև հավելեց, որ եթե այլ եկեղեցիներ կամ կրոնական կառույցներ Հայաստանում իրենց մտահոգությունը հայտնեն պետություն–եկեղեցի առճակատման կապակցությամբ, դա բնական և նույնիսկ բարոյապես պարտադիր է։ Սակայն, նրա գնահատմամբ, սա պետք է դիտարկել որպես բացառապես ներհայկական օրակարգ.

«Մենք գործ ունենք հակապետական և դավաճանական իշխանության հետ, որը բացահայտորեն իրականացնում է Ադրբեջանից ստացված հրահանգները։ Այս խնդիրը պետք է լուծվի, բայց դրա լուծումը հնարավոր է միայն առողջ, ինքնիշխան և իրավական Հայաստան ունենալու դեպքում։ Այդ պարագայում մենք կկարողանանք նաև բարեփոխել ու կարգավորել եկեղեցու որոշ ներքին խնդիրներ»։

Քանանյանը շեշտեց՝ եկեղեցու ներսում խնդիրները կարող է լուծել միայն հենց եկեղեցին։

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականորեն տրված աստվածային և կանոնական իրավունքով ինքնուրույն կարգավորում է իր ներքին կյանքը։ Նույնիսկ աշխարհիկ հավատացյալ անձինք պարտավոր են գիտակցել, որ որևէ քաղաքական միջամտություն կամ աշխարհիկ գործիքակազմի կիրառում այս ոլորտում ոչ միայն անարդյունավետ է, այլև վնասակար։ Եկեղեցին գործում է բոլորովին այլ տրամաբանությամբ և արժեհամակարգով, ու նրա ներքին խնդիրների լուծումը աշխարհիկ իշխանության գործը չէ»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում