Ներքին 1 տարի առաջ - 13:58 03-07-2025

ՀՀ տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապող ճանապարհի՝ Թրամփի վարչակազմի առաջարկն ԱՄՆ-ՌԴ գլոբալ երկխոսության մաս է

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն անդրադառնալով Քարնեգի հիմնադրամի փորձագետի այն հրապարակմանը, որ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է Ադրբեջան-Նախիջևան կապի այնպիսի մեխանիզմ, մոտավորապես ինչպիսին որ քննարկվել է Աբխազիայի տարածքով Վրաստան-Ռուսաստան կապի համար՝ միջազգային կազմակերպության մոնիտորինգ, հայտնել է, որ կան տարբեր առաջարկներ եւ Հայաստանը քննարկում է շահագրգրռ բոլոր կողմերի հետ:

Նախ անդրադառնամ փորձագետի հոդվածին, որտեղ նա հղում անելով դիվանագիտական երկու աղբյուրի, նշում է, որ Թրամփի վարչակազմը արել է այդպիսի առաջարկ:

Սա շատ հետաքրքիր է ոչ թե ինքնին, որպես առաջարկ, այլ մեկ այլ ուշագրավ հնարավոր նրբերանգի տեսանկյունից:

Այսպես ասած՝ մասնավոր կազմակերպության մոնիտորինգի ներքո Ադրբեջան-Նախիջեւան կապի առաջարկ Վաշինգտոնը կողմերին արել է ավելի վաղ՝ դեռեւս Բայդենի վարչակազմի շրջանում: 2024 թվականին ամերիկյան դիվանագիտական գերակտիվությունը պայմանավորված էր նաեւ դրանով: Այդ շրջանում նաեւ Հայաստանի որոշակի փորձագիտական սեգմենտից հրապարակ բերվեց այդ «գաղափարը», թերեւս հանրային տրամադրություն շոշափելու համար:

Մեծ հավանականությամբ հենց այդ գաղափարն էր այն նամակների առանցքում, որ 2024 թվականի հոկտեմբերի վերջին կողմերին հղեց Ջո Բայդենը, իր հատուկ ներկայացուցիչ Կարպենտերի միջոցով փոխանցելով նամակներ թե՛ Իլհամ Ալիեւին, թե՛ Նիկոլ Փաշինյանին:

Ընդ որում, շատ ուշագրավ է փաստը, որ նամակները փոխանցվեցին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովից անմիջապես առաջ: Եվ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացավ Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպումը, որը, ըստ էության, վերջինն էր այդ տեսքով, եթե չհաշվենք, իհարկե, Ալբանիայի «սրճախմությունը»:

Կազանում հանդիպումից մի քանի օր անց պարզվեց, որ Բայդենը հեռանում է, ավելի ճիշտ՝ դեմոկրատները հեռանում են, որովհետեւ Բայդենի հեռանալը պարզվել էր ավելի վաղ, երբ նրան որպես թեկնածու փոխարինեցին Կամալա Հարիսով:

Նոյեմբերի 5-ին պարզվեց, որ դեմոկրատական վարչակազմը հեռանում է եւ գալիս է Թրամփը, ըստ էության, հեղափոխական տարբերություններով: Թրամփի վարչակազմը առ այսօր սակայն հրապարակային որեւէ հոդաբաշխ տեսակետ չի արտահայտել Հայաստան-Ադրբեջան ճանապարհների դեբլոկադայի մասով: Օրինակ, դեմոկրատական վարչակազմը պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի շուրթերով շատ հստակ հայտարարել է, որ «Միջին միջանցք»-ն իր համար ռազմավարական առաջնահերթություն է: Ավելին, պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է բազմիցս, որ Նահանգներն ամեն ջանք գործադրելու է Կովկասում ՌԴ եւ Իրանի ազդեցությունը նվազեցնելու համար: Հասկանալի է, որ ճանապարհների հարցը դիտարկվում էր դրա միջոցներից մեկը:

Ի՞նչ փոխվեց Թրամփի ընտրությամբ եւ պաշտոնամուտով, եթե հաշվի առնենք, որ նա ՌԴ հետ անցավ երկխոսության ռեժիմի: Կրկնեմ, հրապարակային մակարդակում Թրամփի վարչակազմը չի արտահայտվել ճանապարհների մասին, թե ինչպիսին են իրենց պատկերացումները:

Ինքս բազմիցս կարծիք եմ հայտնել, որ դա թերևս կախված կլինի ՌԴ հետ երկխոսության և Իրանի շուրջ գործընթացներից, որը կարծում եմ եւս ԱՄՆ-ՌԴ գլոբալ երկխոսության մաս է:

Ահա այս համատեքստում հարց է առաջանում, թե որքանո՞վ, ինչո՞վ է Թրամփի առաջարկը տարբերվում այն առաջարկներից, որ Երեւանին ու Բաքվին ներկայացրել էր Ջո Բայդենը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում