Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:45 23-06-2025

Ռուսաստանն Իրանին աջակցում է, բայց զգուշորեն․ քաղաքագետ

Այսօր, հունիսի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա։ Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Նրա խոսքով՝ այցն ունի ռազմավարական նշանակություն։ Դա ոչ միայն ընդգծում է Իրանի դիվանագիտական ակտիվությունն, այլև ի ցույց է դնում Ռուսաստանի դիրքի կարևորությունը Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի ու Արևմուտքի միջև լարվածության աճի ֆոնին։

Պողոսյանը նշում է, որ Իրանի դեպքում դրսևորվեց ոչ թե մեկուսացման կամ հիբրիդ պատերազմի սցենար, ինչպես Սիրիայի, Իրաքի կամ Լիբիայի դեպքում, այլ հակառակ գործընթաց.

«Իրանը ցուցադրեց պրոակտիվ դիվանագիտական պահվածք՝ շփվելով տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Իրանը խաղաց տեղեկատվական դաշտում և ձևավորեց միջազգային ընկալումների դրական փոփոխություն»։

Նրա գնահատմամբ՝ Իրանի հաջորդ քայլը լինելու է դաշնակիցների աջակցությունը ոչ միայն խոսքով, այլ նաև առարկայորեն։ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված բանակցությունները պետք է դիտարկել այդ համատեքստում։

«Ռուսաստանը, լինելով տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկը, չի կարող չարձագանքել Իրանի դիրքերի թուլացման վտանգին։ Անվտանգության վակուումը լցվում է ինչ-որ ուժով։ Եվ եթե դա լինի արևմտյան ազդեցություն՝ օրինակ ԱՄՆ-ն, ապա այն ուղղակի սպառնալիք կլինի ՌԴ շահերին»,- ընդգծում է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ մոսկովյան հանդիպումները կարող են ապահովել Իրանի համար նաև նյութական աջակցություն՝ սպառազինություն, սննդամթերք, անհրաժեշտ այլ պաշարներ։ Ըստ Պողոսյանի՝ կան տեղեկություններ, որ Չինաստանն արդեն մատակարարել է ռազմական ինքնաթիռներ Իրանին, սակայն այս մասին պաշտոնական հաստատում չկա։

Անդրադառնալով Իրանի՝ ռուսական ակտիվ ռազմական կամ հրապարակային աջակցությունից դեռ զերծ մնալուն, քաղաքագետը պարզաբանում է. «Կան գործընթացներ, որոնք ընթանում են բացահայտ, և կան, որոնք կուլիսային են։ ՌԴ-ի համար այս պահին ձեռնտու է աշխատել առավել վերահսկելի և ստվերային գործիքակազմով, չհասցնելով իրավիճակը թեժացման անդառնալի կետի։ Կան սահմաններ, որոնք չպետք է անցնեն, որ Իրանը դիվանագիտական ճանապարհով դուրս գալու հնարավորություն ունենա՝ առանց լայնածավալ պատերազմի»։

Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերից է բխում, որ Իրանում տեղի ունենա ռեժիմի փոփոխություն. «Դիտարկվում է նախկին շահի որդու վերադարձը, ինչը կբերի Իրանի աշխարհիկացմանը և նոր աշխարհաքաղաքական եռյակի ձևավորմանը՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան»։

Սա է, ըստ քաղաքագետի, Ռուսաստանի հիմնական վախը. այդ եռյակի ձևավորումը լիարժեք փոխում է ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Այս պատճառով Մոսկվան չափազանց զգուշավոր է, բայց խորապես շահագրգռված Իրանի տարածքային ամբողջականության, կայունության և հակաարևմտյան դիրքերի պահպանման հարցում։

«Այս պահին բոլոր կողմերի շահերից է բխում հակամարտության դիվանագիտական հանգուցալուծումը։ Նույնիսկ Իսրայելը, ըստ որոշ հաղորդումների, պատրաստ է բանակցությունների, եթե Իրանը նման ցանկություն հայտնի։ ԱՄՆ-ն հարվածից հետո շեշտեց, որ այն մեկանգամյա գործողություն էր՝ հստակ ազդակ տալով, որ իրենք չեն ձգտում լայնամասշտաբ պատերազմի։ Բայց եթե Իրանը հարվածի ԱՄՆ-ի շահերին կամ բազաներին Մերձավոր Արևելքում, ապա պատասխանն այլ կլինի»,- եզրափակեց Արա Պողոսյանը։

Ըստ նրա՝ այժմ խնդիրն՝ առանց ռազմական սցենարի լուծելու իրական հնարավորություն կա։ Արևմուտքը դիտարկում է երկսյուն մոտեցում՝ կա՛մ Իրանը վերադարձնել բանակցային սեղան, կա՛մ հասնել ռեժիմի փոփոխության՝ փոխելով խաղի ամբողջ տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով, Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա դիտարկվում է որպես առավել լայն գործընթացի՝ «քաղաքական մոբիլիզացիայի» տրամաբանական շարունակություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ