Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:09 19-06-2025

Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, ըստ մի շարք քաղաքացիների և տարածվող լուրերի՝ արշավ է սկսվել նրան պատկանող «Տաշիր Պիցցա» սննդի օբյեկտների դեմ։ Վերջին օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում «Տաշիր Պիցցա»-ի 32 մասնաճյուղերից 9-ը փակվել են։

Oragir.News-ը այս թեմայով զրուցեց «Տաշիր Պիցցա»-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանի հետ։

Նա նշեց, որ չի կարող մասնագիտական գնահատական տալ, թե ստուգումների ընթացքում ինչ է հայտնաբերվել, քանի որ դրանք սննդի ոլորտի տեխնիկական հարցեր են։ «Մենք միշտ դիմում ենք, որ ստուգում անցկացվի։ Սննդի անվտանգության տեսչությունը այցելում է մեր խնդրագրով, և նման ստուգումները մի քանի տարի է՝ պարբերաբար իրականացվում են։

Այդ մասին նախապես հրապարակում էլ ենք արել մեր ֆեյսբուքյան էջում՝ մինչև Սամվել Կարապետյանի ձերբակալությունը»,- ասաց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ նախկինում չեն եղել դեպքեր, երբ այդպիսի ստուգումների արդյունքում օբյեկտներ փակվեին։

«Եղել են դեպքեր, երբ խնդիրը բարձրաձայնվել է, օրինակ՝ աղցան ենք հանել վաճառքից, մինչև լուծել ենք հարցը, կարճ ժամանակ անց հարցը լուծվել է։ Այժմ փակվել են 9 կետեր։ Մինչև հիմա նման բան չէր եղել։ Չեմ ուզում ենթադրություն անել՝ քաղաքական հիմք ունի, թե ոչ։ Դուք ինքներդ որոշեք»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը զրուցեց նաև Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, ով զրույցում նշեց, որ հայտնաբերվել են խնդիրներ, ինչի արդյունքում փակվել են «Տաշիր Պիցցա»-ի կետերը։

«Խախտումները հրապարակվել են, այդ թվում՝ լուսանկարների տեսքով, և բնականաբար, գրավոր ներկայացվել են, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչի համար է կասեցվել աշխատանքը»։ Նա նաև նշեց, որ «Տաշիր Պիցցա»-ն ամեն տարի դիմել է ստուգումների, և իրենք ամեն տարի էլ որոշակի խնդիրներ հայտնաբերել են։

«Այդ ժամանակ չի փակվել, որովհետև ամենայն հավանականությամբ՝ եղել են այնպիսի խնդիրներ, որոնք չեն պահանջել կասեցում։ Ես հիմա հստակ չեմ կարող ասել, որովհետև եթե կետը չի փակվում, ապա նյութը ինձ չի հասնում։ Ինձ հասնում են այն նյութերը, որոնց հիման վրա ընդունվում է կասեցման որոշում, և ես պետք է այն հրապարակեմ։ Տեսեք, ես կարող եմ պարզապես ենթադրել, որ տարիներ շարունակ հիմնականում մանր խնդիրներ են եղել, որոնք փորձել են տեղում լուծել։ Իսկ այժմ, ամենայն հավանականությամբ, խնդիրները կուտակվել են, և դրա հետևանքով է կասեցումը։ Այսինքն՝ մենք որևէ քայլ չենք անում օրենքից դուրս, մեր գործառույթներից կամ իրավունքներից դուրս։ Մենք հրապարակում ենք նաև լուսանկարներ, որպեսզի պարզ լինի՝ որն է եղել խնդիրը և ինչի համար է եղել կասեցումը։ Նմանատիպ խնդիրներով բազմաթիվ կազմակերպությունների աշխատանքներն ենք կասեցնում, և կարծում եմ՝ անհավասար կլիներ վերաբերմունքը, եթե հակառակ կերպ վարվեինք։ Իրենք են դիմել բոլոր մասնաճյուղերում ստուգումներ սկսելու համար՝ միասնական կարգով»։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Անուշ Հարությունյանը պարզաբանեց․ «Ամբողջ հարցը այն է, որ եթե միաժամանակ սկսել ենք բոլոր մասնաճյուղերում, ապա բոլոր մասնաճյուղերում, որտեղ հայտնաբերվել է խախտում, աշխատանքը կասեցվել է։ Ստացվել է, որ մի քանի կետում իրար հետևից տեղի են ունեցել կասեցումներ։ Օրինակ՝ երեք մասնաճյուղում խնդիր չենք հայտնաբերել։ Մթերքները տարվել են լաբորատոր փորձաքննության, և արդյունքները կհրապարակվեն։

Իսկ 17-ում ստուգումները շարունակվում են, եթե խախտումներ արձանագրվեն, կկասեցվեն, եթե՝ ոչ, կշարունակեն բնականոն աշխատանքը։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ ապա դեռ երկու շաբաթ առաջ, 7 օր և 5 օր առաջ մենք ունենք արդեն իսկ կասեցված մասնաճյուղերի մասին հրապարակումներ։ Այսինքն՝ մեզ մեղադրելը, թե ինչ-որ իրադարձությունների հետ կապված ենք քայլեր անում, ազնիվ չէ»։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 18-ին, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին