Ներքին 1 տարի առաջ - 10:57 17-06-2025

Կաթողիկոսն ընդունել է քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի:

Հանդիպմանը Հայր Անանիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, գոհունակություն հայտնեց Հայ Եկեղեցու անդաստանում արդեն իբրև օծյալ հոգևորականներ իրենց ծառայությունը շարունակելու առիթով։ Նորին Սրբությունը կարևորեց եկեղեցականների նվիրյալ ու անձնդիր ծառայությունը՝ ի խնդիր Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելության արդյունավորման։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը հորդորեց նորաօծներին սերն ու հավատը դարձնել իրենց հոգևոր սպասավորության առանցքը, հանձնառությամբ և եկեղեցականի բարի օրինակով իրականացնել հոգեփրկչական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ նորաօծ հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, որոնց առջև հարկ է չընկրկել, չվհատվել, այլ առ Աստված զորավոր հավատքով, նվիրումով, համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը Մայր Եկեղեցու անդաստանում և Սուրբ Հոգու առաջնորդությամբ իրականացնել իրենց հովվական առաքելությունը՝ ի նպաստ հայորդիների հոգևոր կյանքի պայծառության և Եկեղեցու շենացման:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հոգևորականներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը