Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:49 10-06-2025

ԶՊՄԿ աշխատակիցների բարձրացրած հարցերն այժմ էլ գտնվում են մեր ուշադրության ներքո. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումները:

«Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին:

Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմին մտահոգություններ են ներկայացվել այն մասին, որ անձինք արտադրամասերում աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում: Օրինակ՝ ընկերության մանր և միջին ջարդման տեղամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, հանքաքարերի ջարդման և տեղափոխման արտադրամասում բացակայում են հովացման, օդափոխության և ջեռուցման պատշաճ համակարգերը; վիբրացիան, փոշին, խոնավությունը և աղմուկը նորմայից բարձր են; աղմուկի պայմաններում անձինք աշխատում են ութ ժամ; ընկերության լոգարանում տեղադրված ցնցուղների սակավության պատճառով յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատակիցները կա՛մ երկար սպասում են մինչև հերթն իրենց հասնի, կա՛մ էլ մեկ ցնցուղից միաժամանակ օգտվում է մի քանի անձ:

Ավելին, ըստ ներկայացված տեղեկատվության՝ ընկերությունում աշխատում են աշխատակիցներ, ովքեր, թեև զբաղեցնում են միևնույն հաստիքը, կատարում են միևնույն աշխատանքը, սակայն ստանում են տարբեր չափերի աշխատավարձեր, ինչը աշխատակիցների շրջանում արհեստական լարվածություն է առաջացնում:
Բարձրացված հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հաշվառվել և հասցեագրվել էին համապատասխան տեսչական մարմիններ:

Այսպես, Պաշտպանի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ օրենսդրությամբ և մի շարք հրամաններով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի շրջանակում կազմված զննման արձանագրության և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են վերաբերելի իրավական ակտերով սահմանված մի շարք պահանջներ։ Մասնավորապես, կապված՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրամադրված պարզաբանման համաձայն՝ 2025 թվականի մարտի 17-ին ընդունվել է ընկերությանն առաջադրանք տալու մասին կարգադրագիր, որով ընկերությանը հանձնարարվել է 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար և իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին։

Տեսչական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին հարուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 2025 թվականի ապրիլի 15-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ընկերության համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նշանակված վարչական տուգանքը վճարվել է պետական բյուջե։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն այժմ էլ գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և դրանց ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետագա հետևողական աշխատանք։

Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են խնդիրները աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրերը բարձրաձայնելու կառուցակարգերի առումով: Ուստի, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա բարձրաձայնելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, արդյունքում` ստանալով խնդիրների համար համարժեք լուծումներ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի