Ներքին 1 տարի առաջ - 19:03 03-06-2025

Վահագն Խաչատուրյանը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է երկու երկրների համագործակցության բազմաշերտ օրակարգը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։

Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այն սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն առավել ընդգծված և կարևոր բնույթ է ստացել հատկապես 2020 թվականից հետո՝ տեղի ունեցած իրադարձություններով։

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերել եք նաև որպես տեղական իշխանություններ։ Ձեր հնչեցրած հայտարարությունները, ընդունած որոշումները և, հատկապես, հետագա գործնական քայլերը մեզ մեծ աջակցություն են եղել:

Այս համագործակցության կարևորագույն կողմերից է այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։ Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և, ամենակարևորը՝ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ, մեզ ընդունելու և ժամանակ տրամադրելու համար։ Եթե այսօր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովն անցկացվեց հաջողությամբ, ապա դա հայ ու ֆրանսիական տեղական իշխանությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որի համար մենք խորապես երախտապարտ ենք»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը։

Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալով պաշտպանական, էներգետիկ, գյուղատնտեսական, կրթական, ենթակառուցվածքային, առողջապահական, հումանիտար և բնապահպանական ոլորտներում ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել մասնագիտական փորձի փոխանակման, տեխնիկական աջակցության, համատեղ նախագծերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։

Նշվել է, որ հայաստանյան և ֆրանսիական քաղաքների միջև «քույր քաղաքներ» ձևաչափով համագործակցությունը հանդիսանում է ապակենտրոնացված գործակցության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է էական խթան հանդիսանալ նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացման համար։

Կարևորվել է նաև բնապահպանության և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների խթանումը։

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանումը ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը