Ներքին 1 տարի առաջ - 20:37 16-05-2025

Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։

Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:

Համայնքի ղեկավարի հետ քննարկվել են մարդու իրավունքների իրացմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներին, մասնավորապես՝ բնակարանային ապահովմանը, աջակցության ծրագրերին, երեխաների դպրոց և մանկապարտեզ հաճախելուն վերաբերող հարցերին։

Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերին բնորոշ զբաղվածության մարտահրավերները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ բարձրացված հարցերն իր մանդատի շրջանակում ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` երեխաների բռնությունից զերծ միջավայրում ապրելու, կրթության իրավունքի ապահովման, այդ գործընթացում իրավասու մարմինների միջև համագործակցության ձևաչափերի և այլնի հետ կապված:

Այնուհետև Պաշտպանը շրջայց է կատարել Բերդի զինվորական հոսպիտալում։ Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Պաշտպանը հանդիպել է բուժում ստացող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առողջական խնդիրներին, բուժման ընթացքին և առօրյային։ Հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման մեթոդներին, դեղորայքի հասանելիությանը և իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերող խնդիրներ։

Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի Բերդի մասնաճյուղ, ծանոթացել կազմակերպության կողմից իրականացվող սոցիալական աջակցման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ՝ ընդգծելով նման նախաձեռնությունների դերը համայնքի սոցիալական կայունության ապահովման գործում։

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև համայնքի մյուս հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, հարկային արտոնություններից և ուսման վարձի զեղչերից օգտվելու հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության և երաշխիքների հարցերը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող մի շարք հարցեր։
Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցությունը։

«Ես կարծում եմ, որ մեր պետությունում առկա խնդիրները հնարավոր չէ միայնակ լուծել, անհրաժեշտ է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցություն: Ես շատ եմ կարևորում այդ աշխատանքը և բոլոր մարզային այցերի ժամանակ հանդիպում եմ ունենում ՀԿ սեկտորի հետ»,-նշել է Պաշտպանը:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև համայնքի շուրջ երեք տասնյակ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող հարցերը` կապված տարբեր պետական մարմինների դիմելիս առաջացած խնդիրների, պատշաճ բուժօգնության ապահովման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությունների տրամադրման հետ, որոշ քաղաքացիների հետ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ:
Պաշտպանը վստահեցրել է՝ իր մանդատի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Աշխատանքային այցի ընթացքում Պաշտպանը քննարկում է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի հետ՝ քաղաքացիների դիմումների քննության ընթացակարգերի, աշխատակարգերի, ինչպես նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունավետության վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ խնդիրներին և պատշաճ հասցեավորել դրանք:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան