Ներքին 1 տարի առաջ - 12:40 24-04-2025

Պետք է հետ նայենք, որ կարողանանք առաջ գնալ․ Հայոց տան ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակից,

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք գլխահակ, գուցե փոքր-ինչ հուսալքված։ Մարդկության դեմ Թուրքիայի գործած ոճիրն անմոռանալի է՝ մանավանդ, որ դրա նորագույն դրսևորումները տեսնում ենք նաև այսօր՝ քաղաքակիրթ աշխարհի խուլ հոգոցների, բայց որ ավելի վատ է՝ անտարբերության ուղեկցությամբ։

Որքան էլ դա ցավալի չհնչի, հայերին ոչնչացնելու այդ հակամարդկային մոլուցքի հետևանքները միաձուլվել են, որոշակիորեն նաև ճնշել մեր ազգային ինքնության տարբեր դրսևորումներ՝ քաջությունը, հայրենանվիրությունը, արարչական և ստեղծարար լինելը։ Ու ի հեճուկս մեզ մահ ցանկացողների՝ մենք ծլարձակել ենք աշխարհի տարբեր ծագերում՝ մարդկությանը բարիք պարգևելով ամենատարբեր ոլորտներում։

Ցեղասպանությունը, որքան էլ մեր ինքնության մի մաս դարձած, մեզ չի ճկել ու չի ոչնչացրել։ Ավելին, 110 տարի անց, երբ մենք ազգովի անցնում ենք նոր «Դերզորով», իրավունք չունենք հանձնվելու։ Մենք պարտավոր ենք, ազգային ինքնության կարևորագույն հենասյունը ուղենիշ հռչակած, վեր հառնել ու վերածնվել՝ նոր մարտահրավերներին, պարտադրվող պարտվողականությանը, մեզ մշտապես սպանել ցանկացողի հետ կեղծ խաղաղության քարոզին հակառակ։

Հայն աշխարհին նայում է հազարամյակների իմաստնությամբ, տեսել է աշխարհի հատակն ու գահն էլ։ Ու հենց այսօր է այն օրը, որ մենք, ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի, նրանց անմեղ մահը առոչինչ չդարձնելու համար, պարտավոր ենք ապրել, ամուր հենվել մեզ հայ պահող հիմքերի վրա ու շտկել կռացած, բայց ոչ երբեք կոտրված մեջքը։ Հենց այսօր է այն օրը, երբ մենք մեր գոյությամբ, մեր մտքի ու բազկի հզորությամբ պետք է ապրենք՝ ապրեցնելով մեր հայրենիքից մնացած մի ծվենը՝ Հայաստան աշխարհը։

Այսօր է, որ պետք է հետ նայենք, որ կարողանանք առաջ գնալ։ Հիմա է, որ մեր բոլոր նախնիների իմաստնությանը պիտի վերադառնանք, որպեսզի վերադարձնենք աշխարհի հետ հավասարը հավասարի պես խոսելու կարողությունը։ Հենց այս օրն է առհավատչյան, որ անմահներին ոչնչացնել հնարավոր չէ։

Ու վաղը, երբ Արարատն իր հզորությամբ կբացվի ձեր պատուհանից, հիշեք, որ ինքնությունն այն է, ինչ խլել հնարավոր չէ, ինչը տրվում է ծննդյան իրավունքով։ Իսկ հայի ինքնությունը քաջության, հայրենանվիրության, արարչականության և ստեղծարար լինելու մասին է։

Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։ Իսկ մեզ՝ ապրողաց՝ որպես փյունիկ մոխիրներից վեր հառնած, մտքի, հավատքի զորություն՝ մեր ինքնությունը վերարժևորելու, ցեղասպանված նահատակների հիշատակը հավերժ հարգելու և սերունդներին հզոր, կայացած և ամուր հայրենիք փոխանցելու համար։

«Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք»։

Բ Կորնթացիներ 4.8-9

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը