Ներքին 1 տարի առաջ - 00:07 12-04-2025

Հայ ժողովուրդը ցանկանում է արդար խաղաղություն, ոչ թե միակողմանի զիջումներ. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

«Հարգարժա՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,
Ավելի քան 50 պետություններ եւմիջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը: Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետեւ հայկական կողմի գլխավոր բանակցողի ենթադրյալ «համարձակ զիջումները» բարի կամքի դրսեւորումից անդին են եւ նման են դավաճանության:

Բայց մենք` հայ ժողովուրդը, իր հետ մեր խնդիրն ինքներս կլուծենք: Ես ուզում եմ խոսել միջազգային հանրության մասին:

Շատ դժվար է լինելու այդ հայտարարություններով պաշտպանել մեր քաղաքացիներին Ադրբեջանից արձակված գնդակներից եւ արկերից: Ողջույնի այդ խոսքերը, ավաղ, չեն ավելացնելու մեր զինվորների պաշտպանունակությունը` դիմագրավելու ադրբեջանական ագրեսիաներին: Այդ հայտարարությունները տուն չեն վերադարձնի Բաքվում պահվող անմեղ հայ պատանդներին եւ չեն կանխի նրանց դեմ իրականացվող նվաստացուցիչ դատավարական շոուները: Ինչո՞ւ եմ ես այդքան թերհավատ:

Որովհետեւ ադրբեջանական զինված ուժերը յուրաքանչյուր օր կրակում են Հայաստանի սահմանին, որովհետեւ յուրաքանչյուր օր Ադրբեջանից մենք լսում ենք ագրեսիվ հռետորաբանության նոր չափաբաժին, որովհետեւ իմ հայրենակիցները հենց այս պահին տառապում են Բաքվի բանտերում:

Բայց սա ամենը չէ: Ադրբեջանը պահանջում է, որպեսզի մենք փոխենք մեր Սահմանադրությունը, լուծարենք միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը, եւ Աստված գիտի՝ էլ ինչեր. ամեն օր նոր անհեթեթ պահանջներ են առաջ քաշվում: Ի լրումն, օրեր առաջ Ալիեւը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել ՄԻԵԴ-ի վճիռները: Ավելի վաղ այս տարի Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրում վերջինիս գրասենյակը փակելու որոշման մասին: Հիշեցնում եմ, որ Կարմիր խաչը միակ միջազգային կազմակերպությունն էր, որին թույլատրված էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին: Այսպիսով՝ նրանք մնում են դեմառդեմ բռնապետի քմահաճույքներին:

Ուստի, միջազգային հանրությունը, աշխարհն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ կարգի հրավիրել Իլհամ Ալիեւին, կա՛մ խոնարհվել նոր հեգեմոնի առաջ: Ես հրաժարվում եմ խոնարհվել բռնապետի առաջ: Հայաստանը հրաժարվում է խոնարհվել:

Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել: Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար եւ հարատեւ խաղաղություն: Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն:

Եվ եթե դուք հարցնեք, թե մենք ինչպես հասանք այս իրավիճակին, թե որոնք են Հարավային Կովկասում ներկա իրադրության պատճառները, թերեւս դուք պետք է նայեք ավելի լայն դիտանկյունից: Հարցի արմատները շատ ավելի խորն են, քան կարող եք պատկերացնել: Ես համոզված եմ, որ եթե աշխարհը պատասխանատվության ենթարկեր Թուրքիային 110 տարի առաջ իրականացրած Հայոց ցեղասպանության համար, ապա Ադրբեջանը երկու անգամ կմտածեր, նախքան 2023 թվականին էթնիկ զտումներն իրականացնելը:

Շնորհակալություն»,- ասել է Հայկ Մամիջանյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում