Արտաքին 1 տարի առաջ - 18:31 02-04-2025

Բրիտանացի պատգամավորները ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշել Բաքվին հայ գերիներին ազատելու հարցով

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահներ՝ Ջոն Ուիթինգդեյլի, Կրիս Լոունի և Լորդ Մարկ Մաքինսի կողմից, ինչ մասին Ջեսիկա Մորդենը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ կից տարածելով նաև համապատասխան նամակը։

Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։

Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։

«Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայի հայկական սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ։

Մենք նաև ահազանգ ենք հնչեցնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով Բաքվում BBC News Azerbaijan-ի և «Ամերիկայի ձայն-»ի գործունեության դադարեցման մասին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ։

Բանտարկյալների ընտանիքների անդամները մեզ հայտնում են, որ նրանք գտնվում են գրեթե ամբողջական մեկուսացման մեջ և հազվադեպ են կապ հաստատում հարազատների հետ։ Մենք հատկապես մտահոգված ենք բանտարկյալներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով, որը մինչև վերջերս գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր։ Մենք խնդրում ենք, որ նախարարները քննարկեն Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։

Մենք նաև խնդրում ենք նախարարներին՝ հաստատակամորեն խնդրել Ադրբեջանին՝ թույլատրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան և այցելել բանտարկյալներին՝ ստուգելու նրանց ինքնազգացողությունը, վերականգնել Բաքվում BBC News Azerbaijan-ի աշխատանքները, ինչպես նաև ապահովել դատավարությունների մանրազնին վերահսկողությունը և անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին՝ իբրև երկու երկրների միջև կայուն խաղաղության տանող ուղու գրավական»,- նշված է բրիտանացի պատգամավորների նամակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի