Արտաքին 1 տարի առաջ - 12:12 09-03-2025

Լաթաքիայում զոհված հայերին սպանել են․ մանրամասներ

Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցող բախումները մեծ ծավալների են հասել, երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր, ինչպես նաեւ անկանոն բախումների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Լրատվամիջոցները հայտնում են միայն խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 400 զոհի մասին։ Նրանց մեջ նաեւ հայեր կան։

«Արեւելք»ի տեղեկություններով՝ Լաթաքիայում զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին (ինչպես նախապես հայտարարվել էր), այլ նրանց սպանել են։

«Արեւելք»-ը Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացավ, որ հայր եւ որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել եւ կրակելով սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։

Մեր տեղեկություններով, Բուտրոսներն այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում, եւ այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Սպանվածներից հոր ծեր ծնողները դեռեւս բնակվում են Կարդահայում։ Բուտրոսները տուն ունեն նաեւ Լաթաքիայում, իսկ դեպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնեական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գյուղից։

Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր կատարվել է նրանց հոգեհանգստյան արարողությունն ու թաղման կարգը, որից հետո՝ հուղարկավորությունը։

Հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսները, «Արեւելք»ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արեւելքում գոյություն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր» անվամբ։

Այս համայնքի ներկայացուցիչները, հիմնականում արաբախոս լինելով, հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են, ձգտում են պահել հայկականությունն ու ինքնությունը, որը դարերի ընթացքում նահանջել է։

Հայերը պատմական Սիրիայում բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից, նախաեղեռնյան շրջանի շատ հայ ընտանիքներ ժամանակի ընթացքում հեռացել են լեզվից, կորցրել հայկական ազգանվանը բնորոշ ձեւերը, կրում են հիմնականում արաբական անուններ, սակայն պահպանել են հայկական շատ ավանդույթներ, հատկապես՝ դավանանքը։ Նրանք արաբների շրջանում հայտնի են իբրեւ «արման ադիմ» (թարգմանաբար՝ հին հայեր) եւ փոքրամասնություն են կազմում Սիրիայում եւ Լիբանանում։

Լաթաքիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր բացվել է զոհվածների հոգեհանգստյան կարգի համար, մեր տեղեկություններով, վաղը կիրակնօրյա պատարագ չի մատուցվելու։

Շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում