Ներքին 1 տարի առաջ - 14:05 03-02-2025

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին. նախագիծ

Նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ և ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը:

Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: «Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ենթակայության ներքո»,- ընդգծել է զեկուցողը:

Նախաձեռնությամբ սահմանվել են ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել վարչապետի և մարզպետների աշխատակազմերը:

«Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ` այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն»,- նշել է ծառայության ղեկավարը: Ըստ նրա` ծառայության լիազորությունների շրջանակում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմիններին` տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նախաձեռնությամբ կանոնակարգվում են որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման ընթացակարգերը: Զեկուցողը կարևորել է այն հանգամանքը, որ առաջարկվող նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ` դրանով նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին:

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին, ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներին:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա լրամշակված օրինագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 3-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:

Նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը ներկայացրել է գրասենյակի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:

Նա նշել է, որ 2024 թվականի ընթացքում գրասենյակը մշտական հանձնաժողովներից ստացել է 24 հարցում: Ընդհանուր առմամբ, պատրաստվել և մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ու պատգամավորներին է տրամադրվել 627 տեղեկանք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի