Ուղիղ եթեր
Մշակույթ 1 տարի առաջ - 21:44 28-01-2025

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո․ այսօր մեծ պոետի 140-ամյակն է

Ավ․ Իսահակյանին ու Հովհ․ Թումանյանին նկատի ունենալով՝ Տերյանը մի անգամ ասել էր․ «Ձեզանից հետո կամ պետք է նոր խոսք ասել կամ պետք է լռել»։

Նա եկել էր ասելու այդ նոր խոսքը։

Նրանից հետո հայ պոեզիան այլևս առաջվանը լինել չէր կարող։ Նա բյուրեղացրեց պոեզիայի լեզուն, ոճը, այն բարձրացրեց մի նոր մակարդակի։ Տերյանը առավ հայ դարավոր գրականության լավագույն ավանդները, յուրացրեց ռուս և եվրոպական գրականության նորություններն ու Ստեղծեց մի նոր երևույթ՝ ինքը ուսուցիչ դառնալով իր հաջորդների համար։

Այսօր մեծ պոետի ծննդյան 140-ամյակն է։

«Բանաստեղծի մեծությունը նրա հոգու խորության մեջ է, նրա ժողովրդի խորության մեջ է, նրա ժողովրդի էության մեջ, և դա պայմանավորում է նրա համամարդկայնությունը»,- մի առիթով ասել է Հովհաննես Շիրազը։



Վահան Տերյանի առաջին բանաստեղծական քայլերին հետևել և գնահատել են մեր գրականության երկու մեծերը՝ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը։

Իսահակյանը հիշում է, որ առաջին անգամ ծանոթացել է Տերյանի բանաստեղծություններին 1906 թ․, սակայն գրվածքները թույլ գործեր է համարել․ «Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

․․․․1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:



Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ․

- Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ:

Երեկոյան եղա Հ. Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:

-Հա է՜, շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր, Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց»:



Տերյանը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ էր, այլև խիզախ հանրային գործիչ, որի բոլոր ջանքերն ուղղված էին հայրենիքին օգնելուն։

Քչերը գիտեն, որ Երվանդ Քոչարը կրթություն է ստացել Տերյանի աջակցությամբ։ Հյուսիսային Կովկաս գործուղված ժամանակ Տերյանը հայ երիտասարդների էր հավաքագրում՝ Մոսկվա ուսման ուղարկելու համար։ Նրա ընտրած երիտասարդների մեջ էր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը։ Նա մինչ այդ Թիֆլիսում նկարչական կրթություն ստացել էր, բայց խառը ժամանակների պատճառով շարունակել չէր կարողացել։ Տերյանը նրան ուսումը շարունակելու պաշտոնական անցաթուղթ է տալիս, սովորեցնում, թե ինչպես վարվի, որ «սպիտակգվարդիականների» զորքի ձեռքը չընկնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը