Արտաքին 1 տարի առաջ - 21:19 23-01-2025

Բունդեսթագի նախկին պատգամավորներին դատում են Ադրբեջանից կաշառք վերցնելու համար. BBC

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) երկու նախկին պատգամավորի մեղադրում են Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու մեջ՝ Եվրախորհրդարանում իրենց շահերի լոբբինգի համար, գրում է BBC-ն։

Հինգշաբթի Մյունխենի բարձրագույն հողային դատարանում սկսվել են «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամներ Էդուարդ Լինթների և Աքսել Ֆիշերի գործով լսումները, որոնք կտևեն մինչև օգոստոս։

Կաշառք, դավադրություն, հավաքագրում

Հետաքննությունն ի սկզբանե ուղղված էր ՔԴՄ պատգամավոր Կարին Շտրենցի դեմ, մինչև նա անսպասելիորեն մահացավ 2021 թվականին: Մահից երկու ամիս առաջ Բունդեսթագը նրան զրկել էր անձեռնմխելիությունից՝ ԵԽԽՎ-ում կաշառակերության և Բաքվի շահերի լոբբինգի մեղադրանքների պատճառով։ Շտրենցը ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին: Շտրենցի գործը քննելիս քննիչները դուրս են եկել Էդուարդ Լինթների վրա, որն այդ ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր: Նրանք եկել են այն եզրակացության, որ Լինթները մի քանի միլիոն եվրո է ստացել ադրբեջանական իշխանություններից, և նրա խնդիրն է եղել գերմանացի այլ խորհրդարանականների հավաքագրումը:

Նրանցից մեկն էլ Ֆիշերն է, որն այժմ գտնվում է մեղադրյալի աթոռին։ Խուզարկությունների արդյունքում քննիչները հայտնաբերել են նամակագրություն, որից հետևում է, որ Լինթները Ֆիշերին է փոխանցել 23 հազար եվրո, իսկ Շտրենցը նրանից պահանջել է նույն գումարը: Դատախազությունը ստիպված է եղել հետաքննության համար օգնության 15 հարցում ուղարկել Կիպրոս, Լիխտենշտեյն, Շվեյցարիա, Թուրքիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ադրբեջան և այլ երկրներ: Բելգիացի քննիչները, որոնք գերմանական դատախազության հանձնարարությամբ խուզարկել են Ստրասբուրգի մի քանի գրասենյակ, կարևոր ապացույցներ են հայտնաբերել: Լինթները, հետաքննության տվյալներով, մինչև 2016 թվականը մի քանի միլիոն եվրո է ստացել 19 արտասահմանյան փոստարկղային ընկերությունների միջոցով։

Երկար հետաքննություն

Դատախազության տվյալներով՝ դա երկար հետաքննություն էր։ Ամբողջ երկրում մոտ 20 օբյեկտ է հետախուզվել՝ ներառյալ Բունդեսթագի անդամների գրասենյակները։

2020 թվականին Լինթների տանը խուզարկում է տեղի ունեցել, իսկ հաջորդ տարի քրեական ոստիկանության դաշնային վարչությունը խուզարկել է Բունդեսթագում Ֆիշերի գրասենյակը։ Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը շատ բարդ էր «մեղադրյալների դավադիր մոտեցման» պատճառով։ Արտասահմանում ևս բազմաթիվ օբյեկտներ են խուզարկվել։

Ի՞նչ են ասում մեղադրյալները

Լինթները կաշառակերության մեղադրանքն անհեթեթություն է համարում։ Խորհրդարանում նա զբաղվում էր լոբբինգով՝ ձգտելով հասնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին հանձնմանը՝ իրավիճակ, որը, ըստ Լինթների, «ճիշտ էր միջազգային իրավունքի տեսանկյունից»։

Իր հերթին Ֆիշերը հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։ Այս գործընթացը, նրա խոսքով, «ոչ միայն սթրեսային է և վտանգավոր իր ընտանիքի համար, այլև վնաս է հասցնում իր պրոֆեսիոնալ և սոցիալական կյանքին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur

Ձեզ գուցե հետաքրքրի