Մամուլ 1 տարի առաջ - 09:00 26-12-2024

Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նշվում է՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի է ունենում իրանական ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ, և ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև։ Ներկայում իրականացվող արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին ինքնարժեքը կազմում է 35- 37 հազար դրամ (առանց ԱԱՀ):

Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Մեկ տոննա իրանական ցեմենտի գինը Հայաստանի սահմանին տատանվում է 25-30 ԱՄՆ դոլարի սահմաններում, մաքսատուրքը՝ 0,9-1 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի տարածքում տեղափոխումը՝ մոտ 30 ԱՄՆ դոլար։ Արդյունքում իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 61-62 ԱՄՆ դոլար (24 հազար դրամ): Այս հանգամանքներից ելնելով՝ ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերել տեղական շուկայում: Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները (չդիմանալով ներմուծվող ցեմենտի մրցակցությանը և նվազեցնելով վաճառքները) կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում և կանգնել ընդհուպ մինչև արտադրական գործունեության դադարեցման վտանգի առջև։ Իսկ ցեմենտ արտադրող երկրից ցեմենտ ներմուծող երկիր դառնալու փաստը կարող է հանգեցնել նրան, որ ներմուծող ընկերությունները (չունենալով տեղական արտադրող մրցակիցներ) կարող են կտրուկ բարձրացնել ներմուծվող ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում, ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավելի մեքենա՝ 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում և ճանապարհներին:

Ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերության այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված կլինեն ներմուծումից:

Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետական տուրքի չափի փոփոխություն՝ ապահովելով տեղական արտադրողների համար (ներմուծողների նկատմամբ) հավասար մրցակցային դաշտ։

Առաջարկվում է մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 1200-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն), ինչպես նաև որպես լիցենզավորվող գործունեություն սահմանել նաև կլինկերի ներմուծման գործունեությունը՝ սահմանելով լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում