Ներքին 4 տարի առաջ - 11:36 22-03-2022

Վարդանյանն ուզում է հանել գրքի արտադրության համար գանձվող ԱԱՀ-ն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից։ Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի նպատակը ընթերցանության, կրթվածության խթանումն է, հրատարակչական գործին աջակցելը։

«Կարծում եմ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց գրքի, ընթերցանության հանդեպ վերաբերմունքն է և ,կարծում եմ, սա միայն կբարելավի խնդիրը։ Ուզում եմ տեղեկացնել պատգամավորներին, որ աշխարհի շուրջ 30 երկրներում, ինչպիսիք են օրինակ Կանադան, Լիբանանը, Հորդանանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Նորվեգիան, Հարավային Ամերիկայի երկրները, գրքերի համար սահմանել են զրո տոկոս ավելացված արժեքի հարկ, իսկ մի շարք երկրներում, ինչպես օրինակ Սինգապուրը, Ճապոնիան, Թայլանդը, Իռլանդիան, Բելգիան, Կիպրոսը, տպագրված գրքերի համար սահմանված է ավելացված արժեքի հարկի արտոնություն նվազման դրույքաչափի կիրառման միջոցով։ Նույն իրավիճակն է մեր հարևան երկրներում Թուրքիայում սահմանված է 8 տոկոս ավելացված արժեքի հարկ, Վրաստանում ու Ադրբեջանում նույնպես արտոնություններ են սահմանված»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, և այդ առումով նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։

«Հույս ունեմ խորհրդարանը կկարևորի գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը և այս հարցը կընդգրկի օրակարգ»,- հավելեց Վարդանյանը։

Նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ Հայաստանում ևս կան արտոնություններ գրահրատարակչական ոլորտում, և գրքերի մի մասը, օրինակ՝ մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկները, ազատված են հարկերից։

«Նախագծով առաջարկվում է նաև գեղարվեստական ու հրապարակախոսական գրականությունը ազատել հարկերից, սակայն նախագծի երկրորդ հատվածը էլ ավելի խնդրահարույց է, որտեղ առաջարկվում է ներկրվող հումքը ազատել հարկերից, ինչը մեր կարծիքով, շատ դժվար է տարորոշել։ Եթե ավելի գործնական լինի բացատրությունը, գուցե, դիտարկենք։ Դժվար է որոշել, թե օրինակ այն թուղթը, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, հրատարակչական է, թե օրինակ բուկլետ կամ անձեռոցիկ պատրաստելու համար է»,- ասաց Ղազարյանը։

Պատգամավորը առաջարկեց դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստում քննարկելու առաջարկին։

Աղվան Վարդանյանն իր հերթին խնդրեց Ղազարյանին սխալ գնահատականներ չտալ օրենսդրական նախաձեռնությանը։

«Տեղեկացնեմ խորհրդարանին, որ տիկին Ղազարյանը հիմնականում խոսեց նախագծի խնդրահարույց երկրորդ կետի վերաբերյալ՝ հումքի ներմուծման ապրանքները ևս ազատել ԱԱՀ-ից։ Տեղեկացնում եմ, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկել եմ, որ եթե իրենք հարցեր են տեսնում, պատրաստ եմ երկրորդ կետը հանել և թողնել միայն գրքերի համար ԱԱՀ-ի հանումը, բայց, ցավոք, հանձնաժողովը դրան չարձագանքեց»,- ասաց Վարդանյանը։

Նախագիծը լիագումար նիստի օրակարգ չընդգրկվեց, 60 պատգամավոր «դեմ» քվեարկեց առաջարկին, 30-ը՝ «կողմ», 1 պատգամավոր «ձեռնպահ» էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում