Ներքին 1 տարի առաջ - 14:20 16-12-2024

Թունավոր օդ ենք շնչում․ լոռեցիները բողոքում են, որ աղբն այրում են, համայնքապետարանը խոստանում է նոր աղբավայր

Վանաձորի աղբավայրում նախօրեին տեղի ուենցած հրդեհը, որի հետևանքով այրվել էր քաղաքացուն պատկանող տրակտորը, մարզային իշխանությունների անգործության հետևանք է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Արջուտի աղբավայրն անընդհատ այրվում է։ Արջուտ, Դարպաս գյուղերի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասերի բնակիչները 40 տարի խնդրի մասին բարձրաձայնում են, սակայն այն այդպես էլ լուծում չի ստանում։

«Բանն այն է, որ Վանաձոր քաղաքի աղբն այստեղ է թափվում ու կուտակվում, և քանի որ տարածք չկա ընդլայնելու համար, և խորը փոսեր էլ չեն փորվում, որ աղբը հողով ծածկվի, հարցը լուծվում է աղբն այրելով։

Աղբավայրի թունավոր ծուխը մշտապես նստում է Արջուտի և հարակից գյուղերի վրա, այդ օդը շնչելը վտանագվոր է մարդկանց առողջության համար»,- դժգոհում են բնակիչները։

Oragir.News-ը կապ հաստատեց Լոռու մարզպետարան՝ պարզելու, թե արդյոք տեղյա՞կ են խնդրից, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ։ Մեզ ուղղորդեցին Վանաձորի համայնքապետարան՝ նշելով, որ այն գտնվում է հենց Վանաձորի համայնքապետարանի ենթակայության ներքո։

Վանաձորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ աղբավայրը մասնավոր է, համայնքապետարանը պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, որպեսզի վերջինս իրականացնի համայնքի սանմաքրման աշխատանքները։

«Մենք էլ աղբը այրել թույլ չենք տալիս, մենք մեր միջոցներով տրակտոր էլ ենք տրամադրում, միջոցներ ենք հատկացնում, որպեսզի հողով փակվի, ոչ թե այրվի։

Այն, որ Վանաձորը 40 տարի աղբավայր չունի, ճիշտ են ասում։ 40 տարի քաղաքի աղբը այդտեղ է տարվում։ Հիմա էլ դիմել ենք, որպեսզի մեծ աղբավայր տրամադրեն կամ ձեռք բերենք։ Բայց, բնականաբար՝ դա մեծ գործընթաց է, որը մի շարք պարտադիր պայմաններ է ենթադրում՝ հատուկ գոգավորություն ունեցող սարի վրա լինի, արտեզյան ջրեր չհոսեն և այլն»,- ասաց համայնքապետարանի մամուլի խոսնակը, ապա հավելեց, որ նոր աղբավայր ունենալու գործընթացը սկսվել է։

«Դիմել ենք Տարածքային զարգացման հիմնադրամին, արդեն քննարկումներ են եղել, ուսումնասիրություններ և փաստաթղթերի կազմման գործընթացներ են ընթանում»,- նշեց խոսնակը, ապա հավելեց, որ նշված մասնավոր աղբավայրը պատկանում է Էդմոն Էդարյանին և կոչվում է «Վանաձոր սանմաքրում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նշված ընկերության տնօրենության հետ, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք դիտարկո՞ւմ են աղբավայրից արտանետվող թունավոր նյութերի քանակը։

Փորձը ցույց է տվել, որ տվյալ գերատեսչությունը նման դեպքերում բավարարվում է կարճ հաղորդագրությամբ, թե աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտ կարող են արտանետվել վնասակար նյութեր։ Իսկ, թե ինչ է նշանակում դա, ու ինչ պետք է անեն մարդիկ տվյալ իրավիճակում, չեն պարզաբանում, ինչպես օրինակ՝ Նուբարաշենի աղբավայրում բազմաթիվ անգամներ բռնկված հրդեհների ժամանակ։

Հարկ է նշել, որ բուժաշխատողները բազմիցս ահազանգել են, որ աղբի այրումից մթնոլորտ են արտանետվում տարբեր թունավոր նյութեր, այդ թվում՝ քաղցկեղածին, որոնք հանարավոր է՝ քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառ դառնան։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում