Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:31 05-12-2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։

Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդենը և ձևաչափում ներգրավված մյուս երկրների ներկայացուցիչները։

Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացված է ստորև։

Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը և ամուր աջակցություն հայտնեցին Հայաստանի՝ ԵՄ-ի և նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։

Հայաստանը կիսում է այն ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, որոնք դրված են նորդիկ-բալթյան և եվրոպական համայնքների հիմքում։ Նորդիկ-Բալթյան երկրները բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին և շարունակելու են աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։

ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը՝ Եվրոպական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդելու վերաբերյալ եզրակացություններին համահունչ։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում են ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության բոլոր երեք հարթակներում։

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, և ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը։

Նորդիկ-Բալթյան (NB8) երկրների ձևաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին