Ներքին 1 տարի առաջ - 17:03 24-11-2024

Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով Անթիլիասի Մայրավանքում գումարված խորհրդակցական նիստում հայ քաղաքական կուսակցությունների և հոգևորականների մասնակցությամբ քննարկվել է Լիբանանում տիրող իրավիճակն ու դրանից բխող հետևանքներին դիմագրավման հնարավորությունները։

Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հրավերով, հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների մարմինների, ինչպես նաև կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական Ժողովի դիվանի ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված խորհրդակցական նիստում Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հոգևոր պետերի միջև խորհրդակցություններն ու դրանից բխած հայտարարությունները հետևողական բնույթ ունեն և արծարծում են համայն հայությանը վերաբերող խնդիրներ։ Այս առումով նա հատուկ ընդգծել է COP29-ի կապակցությամբ երեք հոգևոր պետերի համատեղ հայտարարությունը, որ ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, նրա հավաքական վերադարձի հրամայականի և Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջի սկզբունքային կետերը։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է հայտնել, որ հայ քաղաքական կուսակցությունները ամսական պարբերականությամբ խորհրդակցական հանդիպումներ են գումարում՝ համայնքի խնդիրները միասնաբար քննարկելով։

Հայ կաթողիկե եկեղեցու պետ Ն.Ա.Տ. Ռաֆայել-Պետրոս ԻԱ Հոգևոր Տերն անդրադարձել է Վատիկանում հայկական գործոնին, Հայաստանի և ընդհանրապես Լիբանանի ու քրիստոնյա համայնքներին վերաբերող աշխատանքներին՝ շեշտելով Վատիկանի եկեղեցական շրջանակներում ու եվրոպական ու ասիական ցամաքամասերում հայ երեք հոգևոր պետերի միացյալ հայտարարության լայն հնչեղությունը։ Նա կարևորել է կրթական ոլորտի կազմակերպման և օժանդակության հարցը՝ Լիբանանում տիրող պայմանների ֆոնին:

Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանը զուգահեռ է անցկացրել Արցախի և Լիբանանի նկատմամբ եկեղեցական շրջանակների ու միջազգային խորհրդաժողովների ցուցաբերած հետաքրքրությունների միջև՝ կենտրոնանալով Միջին Արևելքի քրիստոնյա ազգաբնակչության նկատմամբ գոյություն ունեցող մոտեցումների վրա։

Խորհրդակցությունների ու քննարկումների արդյունքում նիստի մասնակիցները հանդես են եկել հետևյալ շեշտադրումներով.

- Անհրաժեշտ է նույն հետևողականությամբ և հերթականությամբ շարունակել միասնական համակարգված աշխատանքը՝ քննարկելու Լիբանանի հայ համայնքի դիմակայած անվտանգային, ընկերային ու տնտեսական դժվարությունները հաղթահարելու միջոցները։

- Հետզհետե ահագնացող գաղթականական հոսքով պայմանավորված՝ բարեսիրական կազմակերպությունների միջոցով շարունակել օժանդակության աշխատանքները։ Այս առումով ողջունելի է միջ-բարեսիրական խորհրդակցություններն ու նրանց աշխատանքները՝ ուղղված հայահոծ թաղամասերի շրջակայքում հաստատված գաղթականների կարիքների օժանդակությանը:

- Առաջնահերթություն դիտել լիբանանահայ համայնքի կրթական ու միութենական կառույցները՝ դրանք նկատելով համասփյուռքյան առումով մարդուժի կարևորագույն կենտրոններ։

- Խորհրդակցության մասնակիցներն անհետաձգելի են համարում զինադադարի հաստատումն ու նախագահի շուտափույթ ընտրությունը՝ նոյեմբերի 22-ի առթիվ ողջունելով Լիբանանի անկախության տոնը և շեշտելով Լիբանանի տարածքային ամբողջականության ու գերիշխանության պահպանման ու այդ առաջադրանքների իրագործման համար ներքին համերաշխության անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում