Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:20 23-11-2024

Ինչպե՞ս թուլացնել Աննա Հակոբյանի դիրքերը

Հանրության մի մասի կարծիքով՝ գնալով ուժեղանում է Աննա Հակոբյանի դիրքը։ Որոշ ընդդիմախոսներ ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Նիկոլ Փաշինյանի 37-ամյա ընկեր Վահե Ղազարյանին ազատում են աշխատանքից, իսկ Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Վարդապետյանին չեն հանում։ Նրանք հարց են բարձրացնում, թե եթե ուժայինների աշխատանքից դժգոհություն կա, ապա ինչու՞ չի ազատվում նաև գլխավոր դատախազը, քանի որ եթե քննչականի ղեկավարին ազատում են աշխատանքից, ապա քննչականի գործողությունների վրա հսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը նման վերաբերմունքի պիտի արժանանա։ Որոշ շրջանակների էլ մտահոգում է այն, որ Աննա Հակոբյանը սկսել է հաճախ հայտնվել ի պաշտոնե իրեն ոչ համապատասխան վայրերում ու գործերի մեջ, օրինակ՝ Հռոմի պապի ընդունելությունների, գործարարներից հարկադրաբար հանգանակություն կորզելու և այլ գործերում։

Ի՞նչ է կատարվում իշխանության կուլիսներում։ Եվ ինչո՞ւ է մարդկանց ուշադրությունը սևեռվում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվության վրա։

Ժողովրդավարական աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետության ղեկավարի կինն ակտիվ ներգրավվում է քաղաքականության մեջ։ Իհարկե՝ եղել են նաև չարաշահումներ, երբ առաջին տիկնոջ կամայականությունները հանրային դժգոհություն են առաջ բերել։ Օրինակ՝ Արգենտինայում 1946 թվականի նախագահական ընտրություններում Խուան Պերոնի ջախջախիչ հաղթանակից հետո նրա կինը՝ դերասանուհի Էվա Պերոնը, դարձավ Արգենտինայի առաջին տիկինը։ Էվայի խորհրդով են նշանակվել պետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց անձնական բժիշկ Ռիկարդո Ս. Գուարդոն դարձավ Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ։ Էվայի եղբայր Խուանը դարձել է Պերոնի անձնական քարտուղարը, ավագ քույրերի ամուսինները՝ Արիետա, Ալվարես Ռոդրիգես և Բերտոլինի, ստացել են համապատասխանաբար սենատորի, Գերագույն դատարանի նախագահի և Կենտրոնական մաքսատան տնօրենի պաշտոնները: Էվա Պերոնի կամայականությունները առաջ են բերել հանրության մի մասի դժգոհությունը։ Ժողովրդի մի մասը նրան ատում էր, մի մասը խենթի պես սիրում։ Այս առումով՝ հայ ժողովուրդը միակը չէ, որ առանձնակի ուշադրություն է սևեռում պետության ղեկավարի տիկնոջ վրա։


Հայաստանում պետության ղեկավարների կանայք միշտ էլ եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ Ի տարբերություն Աննա Հակոբյանի, մյուսները զբաղվել են մեծ մասամբ հասարակական, բարեգործական նախաձեռնություններով, քաղաքական ակտիվություն չեն ցուցաբերել, նշանակումների հարցում նախաձեռնություն չեն ցուցաբերել։ Իսկ Աննա Հակոբյանը մեծ աշխատանք է կատարում ֆինանսական միջոցների և կադրերի ներգրավման առումով։ Հետևաբար՝ տրամաբանական է, որ նրա դիրքը գնալով լրջանալու է, քանի որ նա շատ փող և մարդ է բերում կուսակցություն։ Ու եթե իշխանության թիմում կան մարդիկ, որոնք դժգոհ են Աննա Հակոբյանի դիրքերի ուժեղացումից, ապա պետք է ավելի շատ փող ու մարդ բերեն կուսակցություն։ Այդ ժամանակ նրանց դիրքերը գուցե կամրանան, իսկ Աննա Հակոբյանինը համեմատաբար կթուլանան։

Խնդիրն ունի նաև ենթագիտակացական շերտ։ Էպիկական ժանրի գործերում արքայադուստրը, թագուհին կամ հերոսի կինը ժողովրդի խորհրդանիշն են։ Տվյալ դեպքում՝ ռոմանտիկները Աննա Հակոբյանին ասոցիացնում են ժողովրդի հետ, իսկ կանայք՝ իրենց հետ։ Սա է պատճառը, որ նա հանրային ուշադրության կենտրոնում է։ Իսկ երբ չարաշահում է իր դիրքը, ստիպում գործարարներին նվիրատվություն կատարել, երբեմն ոչ պատշաճ հագնվում, մսխում հարկատուների միջոցները սաֆարիում, ապա առաջ է բերում մարդկանց արդարացի վրդովմունքը։

Պարզ ասած՝ Աննա Հակոբյանը շարունակելու է ամրացնել իր դիրքը, քանի դեռ թիմակիցները դա թույլ են տալիս։ Իսկ ժողովուրդը շարունակելու է վրդվովվել, քանի դեռ իրեն ասոցիացնում է նրա հետ։ Հետևաբար՝ իրավիճակը կարող են փոխել Փաշինյանը և ժողովուրդը և ընտրողը։ Փաշինյանը՝ կարող է փող ու մարդ հավաքելու այլ գործիքներ աշխատեցնել և հեռու պահել իր կնոջը քաղաքականությունից։ Իսկ ժողովուրդը կարող է հրաժարվել ռոմանտիզմից ու Աննա Հակոբյանին վերաբերվել որպես միջին վիճակագրական ՔՊ-ական պաշտոնյայի, որը խոնարհաբար կատարում է առաջնորդի հանձնարարությունները։ Այսպես, թերևս, հնարավոր կլինի թուլացնել Աննա Հակոբյանի դիրքերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»