Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:33 04-10-2024

Բաքուն փորձում է ցույց տալ Թեհրանին, որ իր թիկունքին, բացի Թուրքիայից, կանգնած է նաև Ռուսաստանը

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ս. թ. հոկտեմբերի 1-ին Իրանից Իսրայելին հասցված նախազգուշական հրթիռային հարվածից հետո վերջինիս սրտառուչ դաշնակիցը՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, ընկել է բառիս բուն իմաստով դողերոցքի մեջ։ Նա հասկանում է, որ իրանա-իսրայելյան լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում Թեհրանը կարող է ուժգնորեն հարվածել Ադրբեջանի տարածքում բուն դրած իսրայելական ռազմական հենակետերի և նրանց մոտակայքում գտնվող ադրբեջանական ռազմաբազաների վրա։

Վերջին պահին կանխելու համար դեպքերի նման վտանգավոր ընթացքն Ի. Ալիևը որոշել է դիմել գավառական խորամանկությունների։

Նախ, նա օգնության կոչով դիմել է իր վաղեմի մոսկովյան բարեկամներին։ Եվ ահա հաջորդ իսկ օրը երկօրյա պաշտոնական այցով շտապ Բաքու է թռել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Բարձրագոչ հայտարարություններ են արվել երկու պետությունների հետախուզական ու հակահետախուզական ծառայությունների ամենասերտ համագործակցության, այդ թվում՝ իբր համատեղ ջանքերով արևմտյան հատուկ ծառայությունների՝ ոմն ռուս դիվանագետի դեմ մի ինչ-որ անհայտ սադրանք կանխելու մասին (որտեղ ու երբ՝ չի նշվում)։ Այս ամբողջ պատմությունը բոլորովին հավատ չի ներշնչում, եթե հիշենք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու բանակի ղեկավարությունն իրականում արդեն լիովին ինտեգրված են իսրայելյան ու թուրքական (այն է՝ ՆԱՏՕ-ական) համապատասխան կառույցների մեջ։ Հակաարևմտյան այս թատերականացված բեմադրությամբ Բաքուն, մի կողմից, փորձում է թոզ փչել Իրանի ղեկավարության աչքերին ու իրենից հեռու տանել նրանց արդարացի ցասումը, մյուս կողմից՝ ցույց տալ Թեհրանին, որ իր թիկունքին, բացի Թուրքիայից, կանգնած է նաև Ռուսաստանը։

Ի. Ալիևի երկրորդ քայլն առաջինին համահունչ է։ Այսօր նա հանդես է եկել ԱՄՆ-ի ղեկավարության դեմ կեղծ ու բարկացկոտ մեղադրանքներով՝ իբր վերջիններս նրա դեմ պատժամիջոցներ են կիրառում։ Այնինչ ոչ մի պատժամիջոց էլ արևմտյան երկրները նրա ֆաշիստական ռեժիմի դեմ դեռևս չեն կիրառել։ Ընդհակառակը ՆԱՏՕ-ի և Իսրայելի պատվիրակությունները հերթով-շարքով այցելում են Բաքու, մասնակցում համատեղ ռազմական միջոցառումներին ու կնքում նորանոր պայմանագրեր ցեղասպանների հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ։

Այս ամենում ամենաապշեցուցիչը, իհարկե, ՌԴ ներկա ղեկավարության բռնած անտրամաբանական դիրքորոշումներն են։ Անվերջ սատարելով նատօական Թուրքիային ու նրա արբանյակ կիսանատօական Ադրբեջանին՝ ՌԴ-ն դուրս է գալիս, փաստորեն, իր բնական դաշնակից Իրանի, ֆորմալ դաշնակից Հայաստանի և ինքն իր դեմ։ Այսպիսի անհեռատես քաղաքականությունը վաղ թե ուշ արժանանալու է ամենախիստ գնահատականների հենց Ռուսաստանում։

Ինչևիցե, հոկտեմբերի 2-3-ին Ս. Նարիշկինի Բաքու կատարած այցի գաղտնիքը հենց Ալիևի վերը ներկայացված վախերն են ու նրան առնվազն ձևականորեն պաշտպանելու պատրաստ մոսկովյան գործիչների (ինչ-ինչ լավությունների դիմաց) ստանձնած պարտականությունները։
Այսուամենայնիվ, Ի. Ալիևի վերջին տենդագին ծամածռությունները՝ իրեն հակաարևմտյան գործիչ ձևացնելը, հազիվ թե ի վիճակի լինեն մոլորեցնելու աշխարհաքաղաքական խաղերում թրծված Իրանի առաջնորդներին...»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին