Ներքին 2 տարի առաջ - 12:56 23-09-2024

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին:

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից աշխատանքային տարիքի փախստականների աշխատանք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ինչը դժվարացնում է նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրումը:

Ըստ ԱՄԿ-ի՝ աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կարող է զգալի լինել ավելի մեծ խմբերի համար։ Ճգնաժամից առաջ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը նվազման միտում ուներ, սակայն ներկայիս իրավիճակը, հավանաբար, կարող է կանգնեցնել կամ, վատագույն սցենարով, թուլացնել առաջընթացն՝ ազդեցություն ունենալով աշխատանքային պայմանների և աշխատողների իրավունքների վրա, եթե ուղեկցող միջոցառումները չկանխեն այն։

Այս համատեքստում «ԱՄԿ-ն պատրաստ է հատկացնել ֆինանսական միջոցներ և մոբիլիզացնել տարբեր ոլորտների այդ թվում՝ զբաղվածության, աշխատանքի չափորոշիչների, ձեռնարկությունների և գենդերային հավասարության մասնագետներ՝ աջակցելու Հայաստանի տևական վերականգնմանը ճգնաժամից հետո», - նշել է ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի Տնօրեն Միխայիլ Պուշկինը: Նա հավելել է, որ նոր նախաձեռնության շրջանակներում ԱՄԿ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների հետ։

Խոսելով ոչ ֆորմալ տնտեսության և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրների լուծման բարդության մասին, ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի (AP/FORMALIZATION) տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրն ընդգծում է․ «Մենք պետք է աշխատենք մի քանի ուղղություններով միաժամանակ․ կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աջակցելով փախստականներին աշխատանք ձեռք բերելու հնարավորությունների մատչելիություն ունենալու հարցում, ստեղծելով առավել արդյունավետ զբաղվածություն ունենալու հնարավորություններ և կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայր»:

Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարիներին բարձր աճ է գրանցել:

«Տնտեսական աճը հանդիսանում է զբաղվածության ոչ ֆորմալացումը նվազեցնելու նախապայման, սակայն այդ գործընթացն ավտոմատ բնույթ չի կրում»,- ասում է Լապեյրը՝ ընդգծելով լավ մշակված և համակարգված քաղաքականության միջամտությունների կարևորությունը:

Հայաստանի համար բաց է ոչ ֆորմալ զբաղվածության հետ կապված մշտական մարտահրավերների հաղթահարման հնարավորությունների պատուհանը: ԱՄԿ-ի նոր նախաձեռնության նպատակն է տնտեսական աճի նոր թափը վերածել արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը և խորը արմատավորված ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով փախստականներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի