Ներքին 2 տարի առաջ - 18:13 09-09-2024

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Սխինասի այցը Հայաստան և նշել, որ այն կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների համար։

«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Վարչապետը հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո մեր երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ:

«Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում: Վարչապետը կարևորել է նաև ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը՝ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու գործում:

Մարգարիտիս Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը: Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Զրուցակիցները քննարկել են նաև այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»