Ներքին 2 տարի առաջ - 21:51 30-08-2024

Միշտ սպասում եմ, որ եղբայրս կվերադառնա․ այսօր Անհետ կորածների օրն է

Այսօր նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Անհետ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների մարդասիրական հետևանքներից մեկը։

Oragir.News-ը կապ հաստատեց 1990թ․-ին Երասխավանի ճակատամարտի ժամանակ անհետ կորած Վարդան Պապիկյանի քրոջ՝ Հայկուհի Պապիկյանի հետ, ով նշեց, որ իր եղբոր ու մնացած տղաների պայքարը եղել է ազգային պայքար։

«Շատ բան եմ հիշում նրանց պայքարի մասին։ Պայքարը եղել է ազգային պայքար։ Եվ ես կցանկանայի, որ այն, ինչ ինքն էր երազում, ի կատար ածվի։

Կարմիր խաչն անհայտ կորածների ընտանիքներին միշտ հավաքել է և այսպես մի փոքրիկ միջոցառում է կազմակերպել, վերհիշել են, ամեն մեկն իր խոսքն է ասել, այսպես նշվել է միշտ անհայտ կորածների օրը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ կցանկանար, որ բացի Եռաբլուրում Անհետ կորածների հիշատակի համար դրված խաչից, ինչ-որ հուշաքար էլ բացվեր, որը կհավերժացներ անհայտ կորածների հիշատակը։

«Կարմիր խաչն ուներ այդ ծրագիրը, որպեսզի ինչ-որ քաղաքում, մի անկյունում նրանց մասին խորհրդանշող հուշաքար լինի։ Կարելի էր՝ այդ հուշաքարը լիներ, և բոլորս հավաքվեինք այդ հուշաքարի մոտ»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ արդյոք պետությունն ու այլ կառույցներ հիշո՞ւմ են անհետ կորածների մասին, փորձում աջակցել նրանց ընտանիքներին, Հայկուհի Պապիկյանը նկատեց․

«Կարմիր խաչը միշտ հիշել է այդ օրը և միշտ աջակից է եղել և անհետ կորածների ընտանիքների կողքին է եղել։ Երկրապահն էլ է միշտ մասնակցել միջոցառումներին, հիշել է այդ օրը։

Իսկ պետության հետ կապված չեմ կարող ասել։ Պետության մնացած ղեկավարների մասին ոչինչ չեմ կարող, որովհետև, չգիտեմ, չի եղել այդպիսի պահ, որ հիշեն»,-ասաց նա։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ իր եղբայրը՝ Վարդան Պապիկյանը, մի օր վերադառանալու է, Հայկուհի Պապիկյանը պատասխանեց․

«Պատկերացրեք, որ այդ հույսը երբևիցե չի էլ կորչի։ Սպասումը կա, միշտ էլ կլինի այդ սպասումը։ Ինձ թվում է՝ բոլոր անհետ կորածների ընտանիքները միշտ կսպասեն»։

Անդրադառնալով հարցին՝ այս ընթացքում որևէ տեղեկություն ստացե՞լ են իր եղբորից, Հայկուհի Պապիկյանն ասաց, որ այս երկար տարիների ընթացքում նույնիսկ որևէ փոքր լուր չի եղել իր եղբոր մասին։

«Շատ վաղուց եմ մի անգամ դիմել ԱԱԾ, պահանջել եմ Վարդանի թղթերը՝ ասելով, որ 10 տարուց ավելի անցել է։ Խնդրել եմ՝ ինչ գործեր ունեն եղբորս վերաբերյալ, փոխանցեն ընտանիքին։ Իրենք ինձ պատասխանեցին, որ Վարդանի թղթերը գնա, փնտրիր Մոսկվայում։

Երբ շարժումը սկսվել էր, այդ ժամանակ դեռ Սովետական Միության ժամանակաշրջանն էր։ Վարդանը դեմ է եղել այդ կարմիր տեռորին և եռագույնն է ծածանել։ Դեմ է եղել և անկախության համար է պայքարել»,- պատմեց նա։

Վարդան Պապիկյանը անհետ կորել է 1990թ․-ին Երասխավանում, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր։

«Ինքը Կոռնիձորից նոր էր վերադարձել։ Տղաներին զենքեր էր տարել հասցնելու։ Այդպես հետ վերադարձավ։ Հետո լսեց Երասխավանի պատերազմի մասին։ Դրան մասնակցելու համար գնաց և անհետ կորավ»,- եզրափակեց Հայկուհի Պապիկյանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ