Ներքին 2 տարի առաջ - 18:48 25-08-2024

Ինչո՞ւ է արգելվում ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ. ԱԳՆ պարզաբանումը

Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև խնդիրը քննարկելով համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ՝ պարզել են հետևյալ հանգամանքները:

Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։

Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։
Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։
Հարկ է նշել, որ Շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել Շենգենյան գոտի։

Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։

Ստուգողական նման գործողություններն առավելապես բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր։

Հետևաբար,

Կարևոր է հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։

Օտարերկրյա պետություններ մեկնող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նախապես ուսումնասիրել տվյալ պետության միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները։

Հավաստի տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս օգտվել միայն տվյալ երկրի պաշտոնական այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են արտաքին գերատեսչության, դեսպանությունների, միգրացիոն ծառայության կայքերը և այլ պաշտոնական հարթակները»,- ասվում է ԱԳՆ պարզաբանման մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում