Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:45 09-08-2024

Հայաստան-Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ․ Ստանո

Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։

«Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները», - նշեց նա:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն» - Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի մասին. կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք սա նոր համաձայնագրի նախագիծ է, և արդյոք դա առաջընթաց քայլ է դեպի անդամության թեկնածությունը: Արդյո՞ք այն փոխարինելու է CEPA-ին (Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր), թե՞ պարզապես լինելու է դրա լրացուցիչ մասը:

Պետեր Ստանո - Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգը իրականում թարմացում է, որը համաձայնեցվել է Հայաստանի հետ փետրվարին: Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ավելի հավակնոտ ենք լինելու և թարմացնելու ենք արդեն գործող համաձայնագիրը: Արդեն սկսել ենք բանակցել Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ, և սա հենց այն թարմացումն է, որը կընդլայնի ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, որովհետև գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու Եվրամիության սկզբունքներից մեկը գործընկերոջ հավակնություններին արձագանքելն է: Եթե մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանի դեպքում է, որ ավելի շատ ոլորտներում ավելին անելու, ավելի խորն ու ինտենսիվ համագործակցելու պատրաստակամություն կա, մենք արձագանքում ենք դրան:

Այսպիսով, այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները:

Եվ դա շատ կարևոր է, քանի որ սա ցույց է տալիս, որ մենք մոտենում ենք, որ մենք ցանկանում ենք ավելին անել միասին՝ հիմնվելով եվրոպական սկզբունքների և արժեքների վրա, իհարկե, և հիմնվելով քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների և փոխադարձ համագործակցության վրա:

«Ազատություն» - Բայց, արդյոք գործընկերության այս նոր օրակարգը կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել Հայաստանի անդամության թեկնածության հնարավորությանը:

Պետեր Ստանո - Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը