Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 00:21 05-08-2024

Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն Արթուր Դավթյանը վաղը կհյուրընկալվի «Հայաստանի օլիմպիական տանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ հայ մարմնամարզիկն արժանացավ արծաթե մեդալի:

«Առաջին մեդալը կա: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթ ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ թե՛ Արթուրին, թե՛ մեզ բոլորիս: Արթուրը եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով, և, թեև, եզրափակչում ամեն ինչ սկսվում է զրոյից, բայց, միևնույն է, դա արդեն հոգեբանորեն ազդում էր:

Եզրափակչում էլ հանդես էր գալիս վերջինը, երբ 7 մարզիկ արդեն իր ցատկն ավարտել էր շատ բարձր միավորներով. պետք է կայացած հոգեբանություն ունենալ՝ այդ պահին անելու այն, ինչին ունակ ես: Արթուրը դա արեց: Շնորհակալ եմ իրեն. ուժեղ տղամարդու ուժեղ ցատկ էր»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Փարիզում Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», որտեղ երկրպագուները մեծ էկրանով հնարավորություն ունեն հետևելու հայ մարզիկների մրցելույթներին, ինչպես նաև հանդիպելու նրանց հետ:

«Սա, անկասկած, կարևոր նախաձեռնություն է, որն արդեն մի շարք դրական արձագանքներ է ստացել մեր միջազգային գործընկերներից, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Միջին Ասիայի երկրների՝ սպորտը համակարգող նախարարներից: Սա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: «Հայաստանի օլիմպիական տունը» բացել ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության, Fastex, «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերությունների աջակցությամբ:

Արդեն մի շարք հանդիպումներ ունեցել ենք, առաջիկայում նոր միջոցառումներ ևս կլինեն»,- ասել է Կարեն Գիլոյանը և տեղեկացրել, որ վաղը՝ օգոստոսի 5-ին, «Հայաստանի օլիմպիական տանը» հյուրընկալվելու են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Միջոցառմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մուտքն ազատ է:

«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում:

Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին