Ներքին 2 տարի առաջ - 19:00 02-08-2024

ՀՀԽ-ի խայտառակ գրաքննությունը. Փաշինյանի պաշտոնանկության հիմքերը շատանում են 

Հանրային հեռարձակողի խորհուրդը օգոստոսի 1-ին «Հանրային հեռարձակողի խորհուրդը բացահայտում է «ճնշումների» բովանդակությունը» վերնագրով հայտարարություն է հրապարակել, գաղտնազերծելով 2021-ի դեկտեմբերին խորհրդի նախագահ Արա Շիրինյանի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որով ըստ էության խոստովանում է, որ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գրաքննել է Հանրային ռադիոն, ստիպել, որ սահմանամերձ հողերի ադրբեջանական օկուպացիան չլուսաբանեն, չքննադատեն իշխանություններին, նույնիսկ պահանջել է աշխատանքից ազատել այն լրագրողներին, որոնք այդ մասին խոսում են։

Ենթադրելի է, որ արտաքին գործընկերներն ուշադրություն կդարձնեն ժողովրդավարության դեմ հարձակման այս աղաղակող փաստին։ Մասնավորապես՝ ժողովրդավարական երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ենթադրաբար՝ կվերանայեն իրենց վերաբերմունքը գրաքննություն կազմակերպող և իրականացնող իշխանությունների նկատմամբ։

Նշենք, որ գրաքննությունը բնորոշ է բռնապետություններին։ Գրաքննություն կար, օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին։ Հազարավոր հայեր են հալածվել, հետապնդվել ու գնդակահարվել գրաքննության հոդվածով։ Նախորդ դարում՝ 1950-60-ականներին, խորհրդային բռնազավթման դեմ ապստամբող Արևելյան Եվրոպայի ժողովուրդների պահանջներից էր գրաքննության վերացումը։ Նրանք հազարավոր զոհեր են տվել, որ իրենց երկրներում գրաքննություն չլինի։ 1968-ին Պրահայում ի նշան բողոքի ինքնահրկիզված չեխ ուսանող Յան Պալախի ներկայացրած պահանջներից առաջինը նույնպես վերաբերվում էր գրաքննության վերացմանը։ Իսկ դրածո վարչախմբերը հակառակ կարծիքն ունեին, որը թելադրվում էր Կրեմլից։ Այս առումով՝ ենթադրելի է, որ Արա Շիրինյանի իրականացրած խայտառակ գրաքննության հարցում կան նաև արտաքին շառառուներ՝ ի դեմս Մոսկվայի և նրա դաշնակիցների՝ Հյուսիսային Կորեայի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի։ Վերջիններս շատ շնորհակալ կլինեն Արա Շիրինյանին, որ ներքին շրջաբերական նամակով փորձել է գրաքննություն իրականացնել։ Նրանք հավանաբար՝ լավ կզգան, որ ՀՀ-ն իրենց նման է, հակաժողովրդավարական դիրքորոշում ունի ազատ խոսքի նկատմամբ։

Ուշագրավ է, որ ՀՀԽ-ի այս հայտարարությունից մեկ օր առաջ հրապարակվեց «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության տարեկան զեկույցը խոսքի ազատության վերաբերյալ, որտեղ ՀՀ-ն բարելավել էր դիրքերը, զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը։ Եթե ՀՀԽ-ն այս ինքնաբացահայտումն աներ մի քանի շաբաթ առաջ, ապա վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը խոսքի ազատության ինդեքսում կհայտնվեր Ադրբեջանի և Ռուսաստանի մակարդակին։

ՀՀԽ-ի այս բացահայտումը նաև հավելյալ ապացույց է, որ ՔՊ-ական իշխանությունը ժողովրդականություն չունի, քանի որ միայն ժողովրդականության պակասուրդ ունեցող իշխանությունն է վախենում քաղաքական քննադատությունից։ Ժողովրդի կողմից չհարգված, քաղաքական բարոյականության հետ խնդիրներ ունեցող իշխանությունները, լռեցնելով ազատ խոսքն ու գրաքննության գործիքներ կիրառելով, ստեղծում են կեղծ պատկեր, թե պաշտոնյաները բարոյական կերպարներ են, իսկ վարվող քաղաքականությունը հանրային աջակցություն է վայելում։

Եվ թեև՝ ողջունելի է ՀՀԽ-ի խոստովանությունը, սակայն կա հիմնավոր կասկած, որ Արա Շիրինյանն ու նրա գործատուն չեն գիտակցում, թե ինչ սխալ են արել, ինչ հարված են հասցրել պետությանը։ Ժողովրդավարության արժեքներով առաջնորդվող երկրի համար գրաքննությունն իսկական խայտառակություն է։ Եթե առաջիկայում պաշտոնանկ չարվի Հանրային հեռարձակող խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, նշանակում է՝ գրաքննությունը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ կարգադրությամբ։ Այսինքն՝ ժողովրդավարության դեմ կազմակերպված հարձակման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այս խայտառակությունը Փաշինյանի պաշտոնանկության հանրային պահանջի հավելյալ հիմք է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»