Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 22-07-2024

Քամալա Հարիսը Հայաստանի համար ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն է․ միջազգայնագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երեկ՝ հուլիսի 21-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ գործող նախագահ, «Դեմոկրատական» կուսակցության նախագահի արդեն նախկին թեկնածու Ջո Բայդենը դուրս է եկել ընտրապայքարից։ Բայդենը նաև հայտարարել է, որ իր փոխարեն ԱՄՆ նախագահի պաշտոնում պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը և նշել, որ 2020 թվականին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում վերջինիս թեկնածության առաջադրումը եղել է իր լավագույն որոշումը։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը նշեց, որ օրեր առաջ՝ նախքան կհնչեր Բայդենի՝ ընտրապայքարը լքելու վերաբերյալ հայտնի հայտարարությունը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, «Հանրապետական» ​​կուսակցության անդամ Մայք Ջոնսոնը Բայդենին կոչ էր անում անհապաղ հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ ինչ-որ առումով այս պահանջը լեգիտիմ էր, քանի որ եթե մարդն առողջական խնդիրների պատճառով չի կարող ընտրարշավ վարել, ապա նույն տրամաբանությամբ ինչպես պետք է ղեկավարեր թիվ 1 գերտերությունը։

«Ամերիկյան մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Բայդենի համար արդեն իսկ պատրաստվել էր ընտրարշավից դուրս գալու այսպես ասած պատվաբեր տեքստը, իհարկե ոչ այն տրամաբանությամբ, ինչպես օրինակ Դոնալդը ճիշտ էր, ես սխալվեցի, կամ նմանատիպ այլ ձևակերպմամբ, այնուհանդերձ Բայդենի դուրս գալը որևէ մեկի համար նորություն չէր։ Այստեղ պետք է հասկանանք, թե տվյալ դեպքում ինչ ընթացակարգ է տեղի ունենալու, որովհետև այս պահի դրությամբ մենք գիտենք, որ Բայդենի որոշումը Դեմոկրատական կուսակցության ներսում քաոս է առաջացրել և այնտեղ այս պահին նախագահի պաշտոնում առաջադրվելու համար կատաղի պայքար է ընթանում»,- ասաց նա։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քիչ առաջ իր կատարած գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին՝ շատ հավանական է համարում, որ հենց ԱՄՆ գործող փոխնախագահն էլ նախագահական ընտրապայքարում կփոխարինի Բայդենին․ «Այստեղ նաև մենք պետք է հասկանանք, թե նման զարգացումներից հետո ինչ է սպասվելու, որովհետև կրկնում եմ՝ դեմոկրատների ներսում այս պահին կատաղի պայքար է ընթանում նոր թեկնածու առաջադրելու համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար այս պահի դրությամբ լավագույն թեկնածուն հենց Քամալա Հարիսն է»։

Միջազգայնագետը կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից նման թեկնածուի (Հարիսի-խմբ․) առաջադրումը շատ դրական կլինի։ Ըստ նրա՝ Քամալա Հարիսը հայ ժողովրդի հանդեպ ունի լավ վերաբերմունք, հայերին ակնածանքով է վերաբերվում։

«Ընդհանրապես ամերիկյան քաղաքական կյանքին ծանոթ մասնագետներն ու փորձագետները պնդում են նաև, որ սա ինչ-որ տեղ անհաջող ընտրություն է, սակայն մյուս կողմից նկատում, որ լիբերալ վերնախավն այլընտրանք չուներ, և, ըստ էության, եթե Հարրիը չառաջադրվեր, ապա նրանք կարող էին կորցնել իրենց համար կրիտիկական ձայները՝ սևամորթների շրջանում, նրանք դա որպես առավելություն են դիտարկում»,- նկատեց նա։

Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ նախընտրական բանավեճում, իր գնահատմամբ, Բայդենի տապալումից և Թրամփի դեմ կատարված մահափորձից հետո ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ յուրահատուկ իրավիճակ էր ստեղծվել և այս պարագայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու շանսերը մեծացան և ինչ-որ առումով նրա հաղթանակն անխուսափելի դարձավ։ Նրա համոզմամբ՝ հանրապետականների թեկնածուն կարող էր էլ ավելի ամրապնդել իր առավելությունը, եթե կուսակցության համագումարում հիմնական դարձներ հասարակության բևեռացում վերացնելու կոնսոլիդացիայի թեզերը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Դոնալդ Թրամփի հաղթելու և Սպիտակ տուն վերադառնալու շանսերն էլ ավելի մեծացան։

«Ավելին ասեմ՝ այս համատեքստում մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ․ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարել է, որ ինքը լուծելու է ռուս-ուկրաինական պատերազմը՝ նախքան Սպիտակ տուն վերադառնալը։ Ավելին՝ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կարողացել է համոզել, որպեսզի վերջինս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնի։ Նման կերպ Թրամփը միջազգային հանրության մոտ տպավորություն է ստեղծում, որ ինքը կարող է այս պահին տեղի ունեցող լուրջ կոնֆլիկտները հանգուցալուծել, ինչը նրա մոտ հաջողվում է։ Եկեք փաստենք, որ դեռևս նախագահ չլինելով Զելենսկուն բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը փոքր ձեռքբերում չէ, համենայնդեպս Բայդենի իշխանության օրոք նման բան տեղի չէր ունեցել»,- շեշտում է միջազգայնագետը։

Դավիթ Կարապետյանը նաև հավելեց, որ ամերիկյան մամուլում՝ հետախուզական ծառայություններին հղումով, տեղեկություններ են տարածվում, որ Թրամփի հնարավոր է նոր մահափորձեր լինեն։ Նրա խոսքով՝ քանի որ տվյալ դեպքում վերջինիս ընտրվելու շանսերն ավելի են մեծացել, Թրամփի հանդեպ նոր մահափորձի հավանականությունը չի բացառվում։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»