Սպորտ 2 տարի առաջ - 20:49 17-07-2024

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին

Հուլիսի 17-ին, Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում․

«Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։

Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, Ֆրանկոֆոն երկրների Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Լուիզետ Ռենե Տոբին, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վերոհիշյալ պալատում տեղակայված Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնի տնօրինությունը, բազմաթիվ ֆրանսիացիներ։

Արարողության շրջանակներում Ֆրանսիայի սպորտային տարբեր ֆեդերացիաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև շքերթ, որին հաջորդեց «Օլիմպիական խաղերը և Ֆրանկոֆոնիան» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսի բացումը։

Արարողության եզրափակիչ ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց պահի պատմականությունը, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող մարզիկը մասնակցում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Նա շեշտեց, որ պատահական չէ, որ պատմական այդ պահը տեղի է ունենում հենց Փարիզի օլիմպիական խաղերի շրջանակներում, ֆրանսերեն լեզվի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վիլիե-Կոտրե պալատում, ինչը հերթական անգամ փաստում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների առանձնահատուկ և դարավոր բարեկամությունը։ Դեսպանը նշեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կրակի փոխանցումավազքին խորհրդանշում է նաև Ֆրանկոֆոնիային և ֆրանկոֆոն արժեքներին Հայաստանի նվիրվածության ճանաչումը և ընդգծեց, որ 2018թ․ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը լինելու են երկրորդ ամենամեծ միջազգային իրադարձությունը, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան։

Տեղեկատվություն․ Վիլիե-Կոտրե քաղաքը Ֆրանսիայի բացառիկ պատմություն ունեցող քաղաքներից է։ Վիլիե-Կոտրե պալատում է 1539թ․ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա 1-ինը ստորագրել հրամանագիր, որով իրավական բոլոր ակտերում ֆրանսերենի գործածությունը դարձել է պարտադիր։ Բացի այդ, այս քաղաքում է ծնվել նաև ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյուման։

2018-2022թթ․ ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական նախաձեռնությամբ, Վիլիե-Կոտրե պալատը վերանորոգվել և բարեկարգվել է, այնտեղ է տեղակայվել Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնը։

Ս․թ․ հոկտեմբերի 4-ից 5-ը Վիլիե-Կոտրե պալատում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին