Արտաքին 2 տարի առաջ - 11:30 02-07-2024

Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար։Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դիվանագետի խոսքերը վերադարձի իրավունքի ապահովման մասին։

Ալիևը շեշտել է, որ պետք է ապահովել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։

«Նախագահն ընդգծել է, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների համար։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ անցյալ դարում բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջին անգամ՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկական զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ պնդել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները չէին կարող կամ ավելի ճիշտ՝ չէին ցանկանում հասնել հակամարտության կարգավորմանը, նրանք բոլորն էլ ցանկանում էին, որ Հայաստանի կողմից իրականացված օկուպացիան հավերժ շարունակվի»։ Նա ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջեւ առարկայական բանակցությունները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերին, քանի որ մինչ այդ Հայաստանը փորձում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության պայմանագրի մեջ։

«Դա անընդունելի էր, քանի որ դա մեր ներքին խնդիրն է։ Այսպիսով, անջատողական ռեժիմի լուծարումից հետո բանակցությունները շարունակվում են ընդամենը 6 ամիս՝ դեկտեմբերից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևի խոսքով՝ դա ժամանակ է պահանջում, և խաղաղության պայմանագրի ամենակարևոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ «այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։ Նա նշել է՝ քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

Ադրբեջանի առաջնորդը հավելել է, որ Երևանն ու Բաքուն բավականին արագ են շարժվում բանակցային գործընթացի շրջանակներում։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների աշխատանքը մի քանի ամսվա ընթացքում: Օկուպացիայի ժամանակ միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո կազմել տեքստը։ Մենք կարծում ենք, որ սա կարող է լինել տարբերակներից մեկը՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում