Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:53 27-06-2024

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: Կառավարության նիստում վարչապետը ներկայացրել է այս հարցերը, որոնց անդրադարձել է ԿԳՄՍ նախարարը.

«Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա նշեմ՝ այն, որ թեստերը պետք է համապատասխանեն տվյալ առարկայի առարկայական ծրագրին, դա միանշանակ սկզբունք և պահանջ է և դա հատուկ ստուգվում է թեստերի մշակման ընթացքում, որպեսզի թեստերի ամբողջ բովանդակությունն առարկայի ծրագրի շրջանակներում լինի: Եվ այս իմաստով նաև որևէ խնդիր այս ընթացքում մենք չենք արձանագրել: Մենք արձանագրել ենք խնդիրներ, երբ ուսուցիչները առարկայի ծրագրին բավարար ծանոթ չեն և իրենց թվում է, որ որոշակի հարցեր դուրս են այդ ծրագրից:

Սա հիմնականում առաջ է գալիս այն պատճառով, որ մեր ուսուցիչների մի մասն առնվազն դեռևս առարկայի ծրագիրը և դասագիրքը հիմնականում նույնականացնում է: Մենք պետք է հասկանանք, որ դասագիրքը առարկայի ուսուցանման ընդամենը գործիքներից մեկն է, և առարկայի ուսուցանումը պահանջում է ավելի լայն ծրագրի իմացություն, որը հաստատված է նախարարի հրամանով և հրապարակված է և յուրաքանչյուր ուսուցչի համար պահանջ է տվյալ առարկայի ծրագիրն ամբողջությամբ իմանալն ու տիրապետելը: Նման թյուրիմացություններ և թյուրընկալումներ ունենում ենք: Լինում է նաև, որ օրինակ, մի առարկայից երկու դասագիրք կա հաստատված և ուսուցիչը ծանոթ է միայն մի դասագրքին և իրեն թվում է, որ մյուս դասագրքի բովանդակությունն առարկայի բովանդակությունից դուրս մի բան է:

Այդ խնդիրը շարունակաբար լուծում ենք նաև ուսուցիչների իրազեկման բարձրացման և վերապատրաստումների միջոցով: Այնպես, որ նման խնդիր ուղղակի չի կարող լինել: Ավելին ասեմ՝ մենք ատեստավորումից հետո ունենք բողոքարկման գործընթաց, ուսուցիչներն ունեն հնարավորություն, եթե անհամաձայնություն են արդյունքների հետ, դիմել բողոքարկել: Իրենց մանրամասն պատասխաններ են տրվում, մասնագիտական հանձնաժողով է աշխատում: Շատ դեպքերում, եթե պատասխանը շատ ոչ միանշանակ է եղել, միանշանակ դա հօգուտ ուսուցչի է մեկնաբանվում, և պետք է ասեմ, որ Ձեզ դիմած ուսուցիչը, քանի որ անգլերենի ուսուցիչ էր, անգլերենի ուղղությամբ կամավոր ատեստավորմամբ մենք նախորդ տարի ունեցել ենք 368 ուսուցիչ, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը: Նրանցից 230 ուսուցիչ հաղթահարել է շեմը, բողոքարկման արդյունքում այս թիվը դարձել է 264: Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնց բարձրացրած հարցադրումները եղել են օբյեկտիվ, նրանց գնահատականները բարձրացվել են: Ի դեպ՝ այդպես է եղել նաև Ձեզ դիմած ուսուցչի պարագայում, որը նույնպես բողոքարկման արդյունքում միավորների բարձրացում է ունեցել, բայց, այնուամենայնիվ, ոչ բավարար շեմը հաղթահարելու համար: Այսինքն՝ սա մի շարունակական պրոցես է, որ անընդհատ թեստերը բարելավում ենք, բայց առարկայի ծրագրի համապատասխանության խնդիր չունենք:

Ժամանակի հետ կապված՝ տրվում է 180 րոպե ատեստավորման համար, և երբ ուսուցիչները հարց են բարձրացնում, որ իրենց ժամանակը չի բավարարում, ապա մենք տեղերում ճկուն ենք և միանգամից նաև լրացուցիչ ժամանակ ենք տրամադրում իրենց աշխատանքն ավարտելու: Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ այս տարի կլուծենք, դա այն է, որ ատեստավորումը մինչ այժմ իրականացվել է թղթային տարբերակով, և ուսուցիչները բավական ժամանակ են ծախսել, որպեսզի պատասխաններն անցկացնեն ձևաթղթի վրա, ինչը, բնականաբար, նրանցից ժամանակ է խլում: Մենք այս տարվանից էլեկտրոնային ենք անելու ամբողջ գործընթացը, որպեսզի այդ տեխնիկական վրիպակներից խուսափենք: Այս տարի կամավոր ատեստավորումը պլանավորել ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին:

Ինչ վերաբերում է ցածր դրույքաչափով, նկատի ունեմ՝ քիչ ծանրաբեռնվածությամբ վճարվող ուսուցիչների հանդեպ նույն պահանջը կիրառելուն, սա սկզբունքային հարց է, որովհետև այստեղ ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան է: Երեխային տրամադրվող կրթությունը պետք է լինի նույն որակի և ստանդարտի՝ անկախ նրանից, թե որ դպրոցն է նա հաճախում և իր ուսուցիչը քանի ժամ է մտնում դպրոց: Ու կարծում եմ, որ այստեղ մեր ուսուցիչներն էլ պետք է փոխեն իրենց դիտանկյունը և հիշեն, որ իրականում խոսում են երեխաների կրթության որակի մասին»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում առկա հարցերը հասկանալու առումով կառավարությունը պետք է անընդհատ հաղորդակցության մեջ լինի ուսուցիչների և մանկավարժական հանրության հետ: Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև՝ մարզերում հաճախ իրեն խնդրում են, որ գյուղի դպրոցը չփակվի, և դա ասվում է այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ աշակերտներ՝ մինչև 20 սովորող: «Մենք ասում ենք՝ գյուղի դպրոցը չենք փակում, այլ նոր դպրոց ենք կառուցում, որովհետև ոչ ոք չի ասել, որ դպրոցը պետք է լինի գյուղապետարանի հետևում: Երկրորդ՝ դպրոց տանող ճանապարհները պետք է նորոգենք: Երրորդ՝ պետք է ձեռք բերենք տրանսպորտային միջոց, որն առավոտյան երեխաներին կտանի դպրոց և երեկոյան նորմալ, բարեկարգված ճանապարհներով կբերի հետ»,- ասել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին