Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:27 10-06-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Ողջունելով Ադրիան Չեդվիքին և շնորհավորելով նշանակման առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն առավել կխորանա և կզարգանա: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական աշխատանքի համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը ներառում է կրթության և մշակույթի ոլորտները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար:

Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ:

«Այս համագործակցությունը ևս ձևավորվել է Բրիտանական խորհրդի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու անդրադարձել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համագործակցությունը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման աշխատանքներում: Նախորդ տարի Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով:

«Կարծում եմ՝ այս ոլորտում մեր համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Պատրաստակամ կլինենք քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել Բրիտանական թանգարանի և ազգային գրադարանի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մասնավորապես՝ սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսված է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության, իսկ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի կկազմակերպվի հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը բացառիկ է և օրինակելի, իսկ Հայաստանի հետ շարունակաբար զարգացող համագործակցությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում Բրիտանական խորհրդի կարևոր առաջնահերթություններից է:

Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը ևս ընդգծել են ՀՀ կառավարության, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին