Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 13:15 16-05-2024

Գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ խաղաղ․ «տառապյալ» Ադրբեջանին սատար ռուսական զորախումբը «ցրվեց» տներով

44-օրյա պատերազմի ավարտը դարձավ Արցախում ռուսական զորախմբի տեղակայման սկիզբ։ Զորախումբը գլխավորեց ՌԴ ԶՈւ համակարգում բավական հայտնի Ռուստամ Մուրադովը։

Առժամանակ անց Մուրադովին փոխարինեց այլ հրամանատար՝ Գենադի Անաշկինը, նրան մի քանի շաբաթով հաջորդեց Միխայիլ Կոսաբոկովը, հետո՝ կրկին Մուրադովը գլխավորեց զորախումբը։

Այնուհետև Արցախ ժամանեց Անդրեյ Վոլկովը, որի հրամանատարության օրոք էլ տեղի ունեցավ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Վոլկովն ամենամեծ ժամկետով եղավ հրամանատար՝ շուրջ 15 ամիս, նրանից հետո զորախմբի հրամանատար դարձավ ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Ալեքսանդր Լենցովը։ Նա զորախմբի նախավերջին հրամանատարն էր։

Զորախմբի վերջին ղեկավարը Կիրիլ Կուլակովն էր, ով այդ պաշտոնին նշանակվեց 2023 թվականի օգոստոսի 31-ին։

Զարմանալի է, բայց ռուսների աչքի առաջ խեղդվող Արցախը, միևնույն է, շարունակում էր «նամակներ գրել ռուսաց ցարին», ամենագրագետ, ամենափաստարկված բառամթերքով խնդրելով օգնել, փրկել․․․ մինչդեռ Արցախի հայաթափմանը մնացել էր 3 շաբաթ։

Արդեն 2023 թվականի նոյեմբերին ադրբեջանական տեղեկատվական համակարգը սկսեց խոսել ռուս զորախմբի՝ «տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը վերականգնած Ադրբեջանում» գտնվելու աննպատակահարմարության մասին։ Խոսույթը գնալով զարգացավ և 2024 թվականի ապրիլի կեսին նույն ադրբեջանական մամուլը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին ռուսական զորախումբն ամբողջությամբ լքելու է տեղակայման վայրը։

Մայիսի 15-ին Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, որտեղ գտնվում էր զորախմբի շտաբը, կայացավ հրաժեշտի հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան զինվորականներ թե՛ ՌԴ-ից և թե՛ Ադրբեջանից։

Միջոցառմանը ներկա՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Եվգենի Նիկիֆորովը հայտարարեց, որ «ռուսական զորախումբը բարձր մակարդակով է կատարել խնդիրները»։ Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևը նույնպես խոսեց ռուսական զորախմբի դերի մասին․ «զորախումբը նպաստել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», ասաց նա։

Ստացվեց այնպես, որ ռուս-ադրբեջանական համատեղ ու համաձայն կարծիքով, Կուլակովի հրամանատարությամբ գործող զորախումբը բարձր մակարդակով խաղաղություն է բերել տառապյալ «ադրբեջանական» հողին։

Եվ, քանի որ երկու կողմերն էլ համամիտ էին՝ հետևաբար պարգևատրեցին թե՛ հրամանատար Կուլակովին, թե՛ զորախմբի այլ ծառայողների, կերան-խմեցին, երգեցին-պարեցին ու ցրվեցին «տներով»։

Եվ, բոլորովին մոռացվեց, օրինակ, որ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ սպանվել էր նաև զորախմբի 6 ծառայող։ Ասենք, դա «խաղաղեցման» ռուսական քաղաքականության առանձնահատկություններից է․ ո՞վ չի հիշում, որ Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռ խփեց, հետո «ներողություն» խնդրեց ու անցկացրեց․․․ կամ՝ Թուրքիայում ռուսական դեսպան սպանվեց, ու մոռացվեց, կամ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Երասխ գյուղի հատվածում ռուսական ուղղաթիռ խփեց, հետո Ալիևը խոստացավ զոհվածների ընտանիքներին դրամական փոխհատուցում տալ, ու ամեն ինչ դարձավ կարգին․․․ «Փողին մուննաթ», ինչպես ասում են։ Զորախմբի զոհվածներին էլ, գուցե, հետմահու են ներկայացրել պարգևների, կարևորը՝ որ նրանք չխանգարեցին Ադրբեջանի «սուվերենության վերականգնմանը», իսկ Կուլակովն անձամբ ապահովեց, որ իր գլխավորած զորամասը «չնախատեսված» գործողություններով չփչացնի այնքան հիանալի ընթացող «հակաահաբեկչական գործողությունը»։

Մի խոսքով, ինչպես միշտ՝ գայլերը կուշտ մնացին, իսկ ոչխարները՝ խաղաղ, ընդամենը արցախցիներն էին նեղսրտել, բայց նրանց էլ նիկոլական Հայաստանում միանգամից կարգեցին «սիրելի քույր-եղբայրներ», որոնց «40+10 հազարականները», ճիշտ է, չեն տրվում, բայց դա հակակառավարական ցույցերին մասնակցելու պատճառով է երևի, Կուլակովը և ռուս զորախումբն այստեղ մեղավոր չեն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»