Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 16-05-2024

Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել և որոնք են պայմանները

ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ՀՀ առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին հարցը:

«Նախագծի նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով: Նախագծով առաջարկվում է հաստատել տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ. առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է հավաստագրի տրամադրման միջոցով: Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, և երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն ունի հիփոթեք, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա ներկայացրեց ծրագրի հիմնական պայմանները, և թե ովքեր կարող են դառնալ շահառու:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռք բերվող տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, բայց ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարվելու են ՀՀ կառավարության կողմից: Եթե հավաստագրի իրացման արդյունքում գումար է մնում, դրական մնացորդ, ապա մենք առաջարկելու ենք և հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղել այս երեք ուղղություններով՝ 1. գյուղնշանակության հողամասի գնում մինչև 5 մլն դրամ, 2. հնարավորություն կտանք եթե ձեռք բերված անշարժ գույքը ունենա վերանորոգման կարիք, վերանորոգել մինչև 4 մլն դրամի սահմաններում, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն մինչև 2 մլն դրամի սահմաններում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ ից բռնի տեղահանված ընտանիքների մասին է խոսքը, բացառությամբ Քաշաթաղի ծրագրի շահառուների՝ անկախ իրավունքի իրացման փաստից. այս ծրագիրը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն, բնակելի տան կառուցման առանձնահատկություններ են. շահառուն բնակելի տան կառուցման համար պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևիցե մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից:

Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչև 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ-ը: Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, ընդ որում՝ կարգը հաստատվելու պահից կգործի տան ձեռքբերման աջակցության բաղադրիչը, հունիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, և օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը: Ծրագիրը մենք իրականացնելու ենք 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ 2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները. մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի 1-ը:

3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ, մեկնարկը՝ 2027 թվականի հունվարի 1-ը:

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագիրը մշակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի քննարկումների արդյունքում և կմտնի գործնական փուլ մինչև հունիսի 15-ը կարգի հաստատումից հետո:

«Այստեղ շատ կարևոր է հետևյալ արձանագրումը, որ մենք, ըստ էության, հրաժարվել ենք համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև, մի սկզբունք որդեգրելու տրամաբանությունից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գնահատել էինք, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք, և եթե պարզ հաշվարկով մտածենք, որ դա միջին հատուցման չափով կարող է լինել, ապա 500 մլրդ դրամ կարող է կազմել այդ տների կամ բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը, բացի այն տոկոսային ծախսերից, որոնք ամբողջ ժամանակահատվածում կվճարենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը: Ամենահամեստ հաշվարկներով՝ 800 միլիարդը գերազանցող ծախս է»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»