Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:40 03-05-2024

Արցախն անբուժելի հիվանդացել էր․ պատճառը գիտեինք, բայց լռում էինք, որովհետև վախենում էինք

Ֆեյսբուք ցանցում մեկը մյուսի ետևից, իրար հերթ չտալով, «բացահայտումներ» են կատարվում Արցախի երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաների ստվերային գործունեության մասին։

Մեկը տուն էր վաճառում, մյուսը զենք, երրորդը պաշտոն, չորրորդը կապալ․․․ և այսպես շարունակ։
Որ Արցախում 90-ական թվականների պատերազմի ավարտից հետո ծաղկում էր հովանավորչությունը և կոռուպցիան՝ հավանաբար, շատերն են դրան տեղյակ, կամ նույնիսկ՝ մասնակից։

Գիտեինք, բայց լռում էինք, որովհետև ինքներս էլ փոխկապակցվում էինք այդ պաշտոնյաներին, նրանցից կախում ունեինք։ Հասարակության մեջ տիրում էր անհաղթահարելի զգացողություն, որ վերնախավը մի շրջանակ է, որում մի անգամ տեղ գտած «աստվածներն» այլևս անփոփոխելի են, և լավ կլինի նրանց դեմ ոչ թե բողոքել, այլ հետները լեզու գտնել, մի տաքուկ տեղ գործի անցնել ու ապրել։

Կային, իհարկե, հատուկենտ անձինք, որ ընդվզում էին, անընդհատ դժգոհում տիրող բարքերից, բայց նրանց դիտում էին, որպես խելապակասներ, որ պատի դեմ բռունցքով են պայքարում միայն։

Ընթերցողին խնդրում եմ նկատի առնել, որ գրածս առաջին դեմքով է․ ես նույնպես, ցավոք, նախընտրում էի իզուր պրոբլեմների մեջ չընկնել։ Հատկապես մի դեպքից հետո, երբ զգացաբար կողմ արտահայտվեցի ընդվզմանը, արդյունքում ազատվեցի աշխատանքից և ամիսներով մնացի պարապ։ Այդ դեպքն ինձ «ուղղեց», և հետագայում ես ինձ մխիթարում էի, որ միայն կատարող եմ, առանց «խաղի կանոնները» փոխելու իրավասության։

Կարծում եմ, որ ինձ նման՝ միջին օղակի պետծառայողների գերակշիռ մասն էլ է ունեցել այդ մտավախությունները։

Հայրենազրկվելուց հետո, ուրեմն, պարբերաբար տեղեկանում ենք ծանոթ չինովնիկների «սխրանքների» մասին։ Նրանք բոլորն էլ «բռնի տեղահանվածների» շարքում են, փաշինյանական «40+10» հազարական դրամների շահառու։ Գուցե դա քողարկման համար է, գուցե ֆինանսապես անբավարար վիճակում են հայտնվել․․․ համենայն դեպս, հիմա այդ մարդկանց հետ կապված այնպիսի փաստեր են ջրի երես դուրս գալիս, որ համադրելով իրար՝ գիտակցում ես, որ նման վիճակում գտնվող հանրապետությունը, անկախ պատերազմի ելքից, ուղղակի իրավունք չուներ գոյատևելու, քանի որ անբուժելի հիվանդացել էր։

Հիմա, թերևս, իմաստ էլ չունի այդ «գործիչներին» հականե-հանվանե քննարկելը։ Այլևս չկա Արցախի հանրապետությունը՝ այն պետական կազմավորումը, որի նկատմամբ հանցանքներ են կատարվել, թուլացվել, կողոպտվել է երկիրը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում էլ նրանց պատասխանատվության չեն ենթարկում, ավելին՝ հետները համագործակցում են։

Մնում է զգացական ցավը, որը գումարվում է մյուս ցավերի հետ, որ ունի տնազրկված, հարազատ կորցրած արցախցին և որը, գուցե, կարդալով այս երբեմնի «կոմպրոմատները», որոնք այժմ քողազերծվել են՝ հայհոյում է, գոռում, բայց այդ բուռն ապրումները խեղդում «է՛հ, եղել-պրծել է» կարգի եզրահանգմամբ։
Պարզապես, որպես երազանք-առաջարկություն, կասեի՝ եթե որևէ հրաշքով հայտնվենք Արցախում, այդպիսի մարդկանց վերադարձն այնտեղ պետք է լինի խարանով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում