Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:25 02-05-2024

Հենց թշնամին առաջ քաշի նոր պահանջներ, կրկին կսպասենք Փաշինյանի՝ «հպարտ» քաղաքացիներին մխիթարող նոր պարզաբանումներին

Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը։ Թեման Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն էր, դրա հետ կապված խնդիրների փաշինյանական «մեկնաբանությունները»։

Հստակ է, որ «գերագույն»-ը հաստատակամ է՝ Ադրբեջանին հանձնել պահանջվող տարածքները, և տարիների ընթացքում լավագույնս ապացուցել է, որ հակահայ օրակարգի սպասարկման հարցում ոչ մի խնդիր, այդ թվում բարոյական առումով, նա չունի։

Փաշինյանն իր բարոյազուրկ էությունը երեկ նույնպես լավ ցուցադրեց։ Օրինակ, նա հնարավոր համարեց «սահմանազատման» արդյունքում Կիրանցի դպրոցից թշնամու ռազմական հենակետերի շատ մոտ լինելը քողարկել «ծառ տնկելով» կամ «պատ կառուցելով»։ Նա նաև առանց որևէ ամոթի հայտարարեց, որ Հայաստանի ոչ մի կետ պաշտպանված չէ թշնամուց, լինի դա Կիրանցի դպրոցը կամ Երևանի կենտրոնի որևէ տեղ։

Անդրադառնալով հարցազրուցավարի այն դիտարկմանը, որ այս տարածքային զիջողությունները միայն մեծացնում են թշնամու ախորժակը և չեն չեղարկում հայ ազգի, հայ պետության ոչնչացման նրա ցանկությունը, Փաշինյանն ասաց․ «Եթե մեզ ուզում են վերացնել՝ մենք, ուրեմն, պետք է կառավարենք մեզ վերացնելու այդ ցանկությունը»։ Ի՞նչ է սա նշանակում․ որևէ այլ նորմալ ղեկավարի կողմից, անգամ թեորիայում, անհնար է պատկերացնել նման արտահայտություն, բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում սրանք դեռ «ծաղիկներ» են։ Անգերազանցելի պոպուլիստ լինելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող այս անձնավորությունը հայտարարեց․ «Մենք բոլորի բեռը դնում ենք զինվորի վրա՝ տնտեսության, դիվանագիտության, անվտանգության, պաշտպանության․․․ դա անարդար է», «մոռանալով» զինվորի գլխին իր օրոք բերված անթիվ-անհամար փորձանքները, որոնցից է, օրինակ, Ազատ գյուղի «զորանոցի» հրկիզման և 15 զինծառայողի սոսկալի մահվան դեպքն է․․․

Ի պատասպան այն հարցի, որ խոսակցություններ են ընթանում Տավուշի հատվածից ՊՆ հենակետերի դուրսբերման մասին, ինչպես նաև ներկայացնելով սահմանապահ գործառույթների մասին իր պատկերացումները, Փաշինյանն ասաց․ «Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Այսինքն՝ սահմանի վրա ՊՆ դիրքեր չենք ունենա և, հնարավոր է, մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա»։

Ընդունենք, որ զուտ ձևական առումով սա ճշմարտություն է, բայց արդյո՞ք Հայաստանը գտնվում է այն վիճակում, երբ միայն սահմանապահ ուժերն ի վիճակի կլինեն դիմակայելու մեր ամբողջ Հանրապետությունն իրենց տարածքը համարող, մինչև ատամները զինված և անդադար հատուկ պատրաստություններ ու զորավարժանքներ անցնող թշնամուն, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Ամենևին չեմ նսեմացնում հայ զինվորականի որակները․ նա տարիներ շարունակ անառիկ պահել է երկրի սահմանները, ինչը ոչ մի կերպ չես ասի այս իշխանության օրոք աղետալի վիճակի հասցված բանակի մասին։ Այսինքն, «գերագույն»-ը շտապ մերկացնում է «սահմանազատված» տեղանքը և դրանով հարվածի տակ դնում նախ Տավուշի՝ ոչ միայն այդ, այլև ավելի խորքային գյուղերը, իսկ ապա․․․

Կարճ ժամանակ հետո, երբ թշնամին «յուրացնի» իրեն հանձնված տարածքները, և, բնականաբար, առաջ տանի պահանջների հերթական մասը, և այդ ժամանակ կրկին հեռուստաէկրաններին երևալու է Նիկոլ Փաշինյանն՝ իր բացատրություններով «մխիթարելով» երբեմնի «հպարտ» քաղաքացիներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում