Ներքին 2 տարի առաջ - 09:18 27-04-2024

Օծված քաղաքացին ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը․ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրը

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով, որում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, եւ ապացուցվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն եւ ո՞վ ընդդիմություն, այլեւս ի վիճակի չեն դա անելու, որովհետեւ նման որոշումներ կայացնելու իրավունք եւ հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, եւ քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը:

Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ եւ օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին:

Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, եւ քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:

Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը եւ արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսեւորումներ:

Դրանցից կարեւորագույնը տարածքային ամբողջականությունն է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, եւ մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում ենք հիմա, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, պետականության հենք, եւ Քաղաքացին պետականության երաշխավորի իր հանդարտությամբ ապահովում է, որ մենք վճռականորեն գնանք այս ճանապարհով:

Պետության գոյության հաջորդ կարեւորագույն գրավականն իրավունքների եւ պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում, եւ մի ինչ-որ պահի պետք է հասնենք նաեւ ռազմավարական այս նպատակին, որպեսզի երկրում հաստատված իրավակարգը, իրավունքների ու պարտականությունների համակարգը քաղաքացին իրենը, իր ստեղծածը համարի եւ ոչ թե ինչ-որ շրջանակների կողմից իրեն պարտադրված: Քաղաքացիական գիտակցությամբ ու որոշմամբ ստեղծված իրավակարգն ինքնիշխանության եւ պետականաության կարեւորագույն պայման է, եւ այդպիսով նաեւ մեր պետականության սյուները պիտի ուժեղանան եւ ամրանան:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Սա մի օր է, որ կերտել եք դուք՝ բոլորդ եւ յուրաքանչյուրդ, սեփական տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրելու մղումով: Ինչո՞ւ են ուրեմն Հեղափոխությունից հետո մեզ բաժին հասնում նման ծանր փորձություններ: Որովհետեւ որեւէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու: 2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի:

Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դո՛ւ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ:

Մենք որոշեցինք, որ մենք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով: Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը, որովհետեւ ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛:

Փա՛ռք նահատակների,ն եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին