Ներքին 2 տարի առաջ - 18:04 25-04-2024

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար. հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն:

«Մենք երախտագիտությամբ ենք հիշում Սիրիայի ժողովրդի գրկաբաց եւ ջերմ վերաբերմունքը, 20-րդ դարասկզբին Ցեղասպանությունից փրկված հայերին սիրիացի ժողովրդի կողմից ապաստանելը եւ հոգատար մոտեցումը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Հայ-սիրիական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում ընդգծվել է սիրիահայ համայնքի կարեւոր դերակատարումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին: Նա բարձրաձայնել է նաեւ Բաքվում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների եւ ապօրինի պատանդառված քաղաքացիական անձանց խնդիրը:

Խոսելով դրական զարգացումների մասին՝ նշվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված նորմերի վրա: Հակոբ Արշակյանը վերահաստատել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն այլընտրանք չկա, եւ Հայաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության դիրքերից:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչը եւս երկրների զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության հաստատման գրավական է:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սիրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով Սիրիայի տարածքային ամբողջականության եւ բոլոր կոնֆլիկտները ներքին ուժերով հաղթահարելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ սիրիական կողմն աջակցում է Հայաստանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ համոզմունք հայտնել, որ խաղաղության ջատագով բոլոր ազգերը կլինեն հայ ժողովրդի կողքին:

Մուհամմադ Ալ-Աջլանին աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ նշելով, որ պետք է վերադարձվեն բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին՝ միջազգային իրավունքի ուժով: Որպես հարաբերությունների կարգավորման հաղթահարման ուղենիշ՝ փոխնախագահը նշել է թշնամանքի լեզվով խոսելու բացառումը:

Կողմերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում ընդգծել են միջխորհրդարանական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը:

Այս համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ, որի դրսեւորումներից է Ժողովրդական ժողովում հայազգի պատգամավորների ներկայությունը:

Անդրադարձ է եղել երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին, հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի