Ներքին 2 տարի առաջ - 23:39 21-03-2024

Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև մեր երկրի դեսպանը․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

Միջոցառմանն իր ողջույնի խոսքը հղեց նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Շառլ Ազնավուրի ընտանիքի սիրելի անդամներ,
Պետական այրեր,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է հենց Հանրապետության նախագահի նստավայրից, քանի որ Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամը և մեր երկրի դեսպանը:

Չափազանց դժվար է տարանջատել Ազնավուր երգչին, երգահանին, դերասանին ու բանաստեղծին, հասարակական գործչին ու բարերարին:

Դժվար, որովհետև աշխարհում յուրաքանչյուր հայ ունի իր Շառլին՝ որպես իր ամենասիրելի շանսոնյե, որպես տաղանդավոր դերասանի, որպես երգահանի, որպես մեծագույն բարերարի, և այս շարքը շատ երկար կարելի է թվարկել:

Նրա տաղանդի մասին կարելի է երկար խոսել: Այս առումով իր ինքնակենսագրական գրքում նա գրել է. «... Միշտ չէ, որ տաղանդավոր մարդը միանգամից աչքի է ընկնում: Իսկական տաղանդը հիմնականում համեստ է և ամոթխած: Բայց մի օր նրան անպայման նկատում են, բացահայտում: Դրա համար էլ դու պետք է հավատաս քո ուժերին և չվախենաս մարդկանց քո ընդունակություններով ներկայանալուց: Չմոռանաս նաև համբերատարության մասին. մի օր կգա նաև քո ժամը»:

Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով, հնչյուններով, բառերով: Դրանով էլ պայմանավորված անհնար է գնահատել Շառլ Ազնավուրի ներդրումը, համարձակվում եմ ասել, համաշխարհային մշակույթի գանձապնակում, որովհետև իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում նա կերտել է անմահ արժեքներ բոլոր այն բնագավառներում, որտեղ գործել է:

Նրան ներկայացնելը շատ դժվար է, հաշվի առնելով իր բազմաբովանդակ գործունեությունը: Եվ, միաժամանակ, շատ հեշտ, որովհետև նա պարզապես Շառլ Ազնավուրն է:

Հարգելի ներկաներ,
Օգտվելով այս տոնական առիթից, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքին իրենց գործունեության համար, որը միտված է մեծ արվեստագետի ու բարերարի գործի շարունակությանը՝ ստեղծելուն, ապրեցնելուն ու արարելուն:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այսօրվա միջոցառման կազմակերպիչներին:

Շնորհավորում եմ բոլորիս և հայտարարում Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա