Ներքին 2 տարի առաջ - 19:27 13-03-2024

Վահան Կոստանյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի ընթացքում

Մարտի 13-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածին: Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովի բարձրաստիճան հատվածի շրջանակներում հանդես գալ ազգային ելույթով։

Գտնվելով 2030թ. օրակարգի իրականացման գործողությունների տասնամյակի կեսին՝ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ձեռքբերումներին և առկա խնդիրներին:

Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը հստակ վկայում է, որ աշխարհը զգալիորեն հետ է ընկել 2030 թվականի օրակարգի իրականացումից՝ հետևում թողնելով աշխարհի կեսից ավելիին: Կայուն զարգացման նպատակների իրականացումը բախվում է աննախադեպ մարտահրավերների՝ սկսած կլիմայի փոփոխությունից և աղքատությունից, մինչև հակամարտություններ և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:

Կարևոր է վերանայել ռազմավարությունները, խթանել գլոբալ գործընկերությունը ու գործողությունները՝ արագացնելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) առաջընթացը: Հետևաբար, Հայաստանն աջակցում է Գլխավոր քարտուղարի «Մեր ընդհանուր օրակարգին» և նրա փոխակերպող գործողությունները, որոնք ուղղված են ապահովելու ՄԱԿ-ի համակարգի՝ խաղաղության, կայուն զարգացման և բոլոր ժողովուրդների համար մարդու իրավունքների պաշտպանության մանդատի իրագործումը:

Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված կայուն զարգացման նպատակներին և դրանց ազգայնացմանը, խարսխված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր ստեղծելու մեր վճռականության վրա:

Մենք զգալի ջանքեր ենք գործադրել՝ ներառական և որակյալ կրթություն, հասանելի առողջապահական համակարգ և հուսալի սոցիալական պաշտպանության ծառայություններ ապահովելու, ինչպես նաև գենդերային հավասարության հասնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար: Արդյունավետ կառավարման և թափանցիկության խթանումը, հաշվետու պետական ինստիտուտների կառուցումը և կոռուպցիայի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը մեր Կառավարության առաջնահերթություններից են:

Այս բարեփոխումների շնորհիվ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը պահպանել է երկնիշ աճի տեմպերը՝ բարձրացնելով տասնյակ հազարավոր մարդկանց աղքատության շեմից և պահպանելով ֆինանսական կայունություն ու տնտեսական ամուր հեռանկարներ: Այս բարեփոխումների շնորհիվ մենք կարողացել ենք հասցեագրելանցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 108.000 հայերի կարճաժամկետ կարիքները:

Հայաստանը հավատացած է, որ խաղաղությունն ու անվտանգությունը կայուն զարգացման կարևոր նախադրյալներ են: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը:

Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համակողմանիության, ներառականության, ոչ խտրական օգտագործման և տարածաշրջանում բոլորի համար բարգավաճում ապահովելու տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Այն նպատակ ունի կապել արևելքը արևմուտքին և հյուսիսը հարավին՝ պայմաններ ստեղծելով մեր տարածաշրջանի զգալի ներուժի իրացման համար։

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման գործում՝ ներկա և ապագա սերունդների համար ավելի ապահով, անվտանգ և լավ աշխարհ ունենալու համար:

Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան